
ՀՐԱԺԵՇՏ ԵՆՔ ՏԱԼԻՍ ՍՅՈՒՆԻՔԻՆ. ՄԻ ՔԱՆԻ ՕՐԻՑ ԶԻՋՈՒՄ ԵՆՔ ԻՐԱՆԻ ՀԵՏ ՄԵՐ ՍԱՀՄԱՆԸ. Արթուր Խաչիկյան
Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Թրամփն ուրբաթ օրը Սպիտակ տանը կընդունի Փաշինյանին ու Ալիևին. պաշտոնական Երևանը ո՛չ հաստատել է, ո՛չ հերքել, իսկ Պետդեպում հավատարմագրված լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն գրել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են այս շաբաթավերջին Վաշինգտոնում հայտարարել խաղաղության իրենց մտադրության մասին:
Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը, հաշվի առնելով նախկին փորձը, ենթադրում է, որ կողմերն ինչ-որ բան արդեն պայմանավորվել են:
«Ամենայն հավանականությամբ, արդեն հանձնել են «Զանգեզուրի միջանցքը»: Իհարկե, ինչպես միշտ՝ կխաբեն, կասեն՝ նման բան չկա, հետո կասեն՝ լավ ենք արել՝ հանձնել ենք, դուք գնացեք Ջեյ Լո նայեք, պարեք, ուրախացեք, չուզողի աչքն էլ հանեք: Այսինքն՝ նրանք նույն ձևով են գործում: Սա լինելու է Պրահա 2, երբ գաղտնի ձևով փախան Պրահա, Մակրոնի ճնշման տակ ստորագրեցին թուղթ, հանձնեցին Արցախը՝ անգամ չստանալով որևէ երաշխիք Հայաստանի համար: Հետո սկսեցին լկտի ձևով ասել՝ լավ ենք արել՝ Արցախը հանձնել ենք, աչքն էլ հանել ենք, ու գնացին քուչի բազարի, ինչպես միշտ: Հիմա կգնան Վաշինգտոն, շատ հավանական է, որ ինչ-որ հայտարարություն կստորագրեն, մենք հետո կիմանանք՝ նրանք ինչի մասին են պայմանավորվել. Մենք ադրբեջանցիներից կիմանանք, որովհետև այս խումբն անընդհատ խաբում է մեզ 7 տարի: Շատ հավանական է, որ կհանձնվի այդ միջանցքը, կտան մասնավոր ինչ-որ ընկերության, արտասահմանից սովորած բառեր կկրկնեն: Եթե սա անցնում է մասնավոր ընկերությանը և պայմանագիրը ստորագրում է մի ուրիշ երկրի հետ, նշանակում է, որ այդ մասնավոր ընկերությունը պարտավորություններ ունի նաև այդ երրորդ երկրի դիմաց: Այսինքն՝ եթե Ադրբեջանի հետ այդ թուղթը ստորագրվում է, Ադրբեջանը դառնում է «Զանգեզուրի միջանցք»-ի փայատեր, դա բոլորը պետք է հասկանան»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ շեշտելով, որ հետո այդ մասնավոր ընկերությունն Իսրայելի լոբբիի օգնությամբ կընկնի Թուրքիայի և Ադրբեջանի ձեռքը:
«Մի թերագնահատեք Իսրայելի դերը: Մի քանի օր առաջ իսրայելական մամուլը նորից գրեց, որ ոչ միայն 2020-ին, այլև 2023-ին Իսրայելը զենք տրամադրեց Ադրբեջանին՝ հարձակման համար: Այսինքն՝ սա ընկնելու է Թուրքիայի և Ադրբեջանի ձեռքը, և մենք դա այլևս երբեք չենք տեսնի: Սուեզի օրինակի մասին խոսել ենք, երբ մոտ 80 տարի զիջելուց հետո Եգիպտոսն ուզեց այն ետ վերցնել, Իսրայելը, Անգլիան, Ֆրանսիան սկսեցին ռազմական գործողություններ, ինչը կանգնեց միայն ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջամտությունից հետո, իսկ այստեղ նման բան չի լինելու, այսինքն՝ մենք հրաժեշտ ենք տալիս Սյունիքին: Բայց ես չեմ կարծում՝ պետք է անհանգստանալ. Մեր ժողովուրդն իրեն այնպես է պահում, ասես՝ իրեն Սյունիք պետք չէ, եթե պետք չէ, ի՞նչ անենք, հո զոռո՞վ չէ: Մեր ժողովրդի պահվածքն այնպիսին է, ասես դա կատարվում է Վրաստանում կամ այլ երկրում: Մի քանի օրից զիջում ենք մեր սահմանն Իրանի հետ և ընկնում շրջափակման մեջ: Ժամանակավորապես Թուրքիան և Ադրբեջանը կարող են ինչ-որ ֆինանսական օգնություն ցուցաբերել, ասել՝ ամեն ինչ լավ է, խաղաղություն կլինի, որ այս խումբը վերընտրվի. Վերընտրվելուց հետո միանգամից 300 հազար ադրբեջանցու վերադարձի հարցն է կանգնելու, և հետո Թուրքիան տնտեսապես իր ձեռքն է վերցնելու Սյունիքը, և այնտեղ մենք ոչինչ չենք կարող անել: Սա կհռչակվի թուրքական կենսական շահերի գոտի, որից հետո անգամ մոտ չենք կարող գնալ Սյունիքին»,- շեշտեց նա:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում
դեպի ետ