• am
  • ru
  • en
Версия для печати
30.10.2025

«72 ԺԱՄՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵԼ»․ Էդգար Ղազարյան

   

Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանն այն կարծիքին է, որ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին կալանավորելու որոշման հիմքում 2 հիմնական գործոն կա։

«Առաջինը նրա ներկայիս կարգավիճակն է՝ որպես ընդդիմության կողմից առաջադրված վարչապետի միասնական թեկնածու։ Իմպիչմենտի նախաձեռնությունը մոտեցել է իրավական գործընթաց հաղորդելու, այսինքն՝ ցանկացած պահի ԱԺ-ում քննարկման հասցնելու փուլին, ինչը վտանգ է ներկայացնում, որովհետև եթե հարցը մտնի ԱԺ, դրա քննարկման համար 72 ժամ է տվելու, իսկ այդ 72 ժամվա զարգացումները կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ Նիկոլ Փաշինյանի համար։ Հիմա, ոչ ոք չի հավաստիացնում, որ ՔՊ-ից պատգամավորներ կարող են միանալ այդ նախաձեռնությանը, բայց ոչ ոք չի էլ բացառում, որ ինչ-որ պահի 18-ը կարող են միանալ, իսկ 69 պատգամավորի մեջ 18-ը մեծ ցուցանիշ չէ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ շեշտելով, որ ՔՊ-ի ներսում բոլոր հարցերում համերաշխություն և միասնականություն չի նկատվում։

«Օրինակ՝ կիրակի օրը Հովհաննավանքում Փաշինյանի կազմակերպած հանրահավաքին, որը կեղծ պատարագի անվան տակ կազմակերպել էր, ԱԺ-ի ՔՊ խմբակցությունից մոտ 3-4 պատգամավոր կար ընդամենը։ Պարզ է, չէ՞, որ հանրահավաք էր դա։ Վարչապետը հանրահավաք է կազմակերպում, և անգամ ՔՊ խմբակցության պատգամավորները չեն մասնակցում։ Դա նշանակում է, որ ՔՊ ներսում էլ միասնություն չկա, ինչը Փաշինյանը շատ լավ զգում է, և այդ զգացողություններն են, որ վտանգ է տեսնում Դավիթ Համբարձումյանի ներկա կարգավիճակի մեջ։

Մյուս պատճառն էլ Դավիթ Համբարձումյանի՝ ժողովրդի կողմից ընտրված համայնքի ղեկավարի կարգավիճակն է, որը չի կիսում Փաշինյանի հայացքները։ Այսինքն՝ ոչ ՔՊ-ական, ավելին, ՔՊ-ին հաղթած համայնքի ղեկավար է։

Իսկ թե 2026թ․ ընտրություններին ընդառաջ ինչ մոտեցում կա ընտրված ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ, մենք դա արդեն տեսանք վերջին օրերին։ 2025թ․ երկու ընտրություն է եղել՝ մեկը՝ Գյումրիում, մյուսը՝ Փարաքարում, երկուսում էլ ՔՊ-ն մասնակցել է ողջ ռեսուրսով, երկուսում էլ պարտվել է, հետևանքը եղել է այն, որ ընտրված համայնքի ղեկավարներից մեկը գնդակահարվել է, մյուսը հայտնվել է բանտում։

Այս շարքի մեջ համայնքի այն ղեկավարները, որոնք սկզբունքային ընդդիմադիր կեցվածք ենք ընդունում, նրանց նկատմամբ ցուցաբերվում է նման մոտեցում, այսինքն՝ սպասվող ընտրություններից առաջ լիկվիդացվում են հասարակության մեջ հեղինակություն վայելող, կշիռ ներկայացնող և հետագա ընտրական գործընթացների վրա ենթադրյալ քաղաքական ազդեցություն ունեցող գործիչները, որոնց թվում է նաև Դավիթ Համբարձումյանը»։

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում



168.am


դեպի ետ