19.01.2026Ո՞Վ ԵՔ ԴՈՒՔ, ԻՆՉԻ՞Ց ԵՔ ԳՈՀ, 26%-Ի ՓՇՐԱՆՔԻ՞Ց, Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ TRIPP-Ը ՄԵՐ ԸՆԴԵՐՔԻ ՀԱՐՍՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ. ԳՈՐԾԱԿԱԼ ՓՆՏՐԵԼԻՍ ՁԵԶ ՆԱՅԵՔ, ՀԱՆԿԱՐԾ ՁԵԶ ՎՐԱ ԴՈՒՐՍ ՉԳԱՔ. ԳՐԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ արդարադատության նախարարի նախկին առաջին տեղակալ, ՍԴ նախագահի նախկին խորհրդական, «Արդարություն՝ իրավունքի միջոցով» իրավախորհրդատվական ընկերության տնօրեն Գրիգոր Մուրադյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
• TRIPP-ի այս փաստաթուղթն իրավական ուժ չունի և չի էլ հավակնում ունենալ։ Սա քաղաքական բանակցությունների արդյունքում ի հայտ եկած հուշագիր է։ Կողմերն ընդունում են, որ TRIPP-ի հաջողությունը կախված է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացումից, ինչպես նաև Թուրքիայի հետ ամբողջական կարգավորման առաջընթացից, այսինքն, եթե այս ճանապարհի կառուցման և գործելու արդյունավետությունը պայմանավորված է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմամբ, իսկ այն, իր հերթին, ՀՀ Սահմանադրության փոփոխությամբ, որի հեռանկարը բնավ չի նշմարվում, ուրեմն այս փաստաթուղթը ներկա փուլում որևէ իրական արժեք չունի, միայն ՔՊ-ի համար նախատեսված նախընտրական քարոզչական հնարքներից է:
Բացի այդ՝ առանց մանրամասների, թե ինչպես է հայկական կողմն իրապես վերահսկելու ընդունարանը, այսինքն, առաջին գրասենյակը, այս փաստաթուղթը որևէ կարևորություն չի ներկայացնում ՀՀ-ի համար, այն դեռևս նախընտրական խաբկանք է. ամբողջ հարցն այս փաստաթղթի կիրառումն է՝ գործնականում ապահովելով ՀՀ ինքնիշխան իրավունքները:
• Ճի՞շտ ենք հասկանում, որ այս փաստաթղթում ուղիղ կապ կա Հայաստանի կողմից նոր զիջումների ու այս փաստաթղթի հաջողության հետ։ Այսինքն՝ եթե սահմանադրական հանրաքվեն, որն Ադրբեջանի, Թուրքիայի կողմից պարտադրվում է Հայաստանին, ձախողվի, կարող են ասել, որ մենք ձախողել ենք այդ փաստաթղթի հաջողությունը։ Հայաստանի ժողովրդին շանտաժի միջոցով ստիպելու են, որ գնա, կողմ քվեարկի՞ Ադրբեջանի պահանջած Սահմանադրության փոփոխությանը… Իսկ եթե չստացվի՞։ Ոչ ոք չի կարող ստիպել մեր ժողովրդին՝ անել իրենց հարմար քվեարկություն։
• Պարզ է, չէ՞, որ այս փուլում ԱՄՆ-ը որևէ իրավական պատասխանատվություն՝ կապված TRIPP-ի փաստաթղթի հետ, իր վրա չի վերցնում։
• Պատկերացնո՞ւմ եք, որ պարոն Լավրովն աներ այնպիսի հայտարարություն ընդդիմադիր որևէ առաջատար ուժի համար, ինչ արել է Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը ՔՊ-ի առնչությամբ, ինչպիսի աղմուկ կբարձրանար և՛ այստեղ, և՛ Արևմուտքում։ Մեր ժողովուրդը պետք է հասկանա՝ Թուրքիայի ԱԳ նախարարն այդ հայտարարությունն արել է իր պետության անունից, և դա ուղիղ միջամտություն է մեր երկրի ներքին գործերին։
Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է. «Հուսով եմ՝ մենք կտեսնենք Զանգեզուրի միջանցքի իրականացումն այնպես, ինչպես ցանկանում է Ադրբեջանը, քանի որ այն կարևոր է Կենտրոնական միջանցքի համար»: Նրա խոսքով՝ ավելի լայն ռազմավարական համատեքստում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» «կարևոր է նաև տարածաշրջանային առումով, մասնավորապես՝ Նախիջևանը մայրցամաքային Ադրբեջանի հետ միավորելու համար»։
Ֆիդանը նաև մեկնաբանել էր Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները։
«Ինչպես գիտեք, հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են անցկացվելու։ Սա կարևոր քայլ կլինի, բայց մենք տեսնում ենք, որ պարոն Փաշինյանն այժմ առաջատար է հասարակական կարծիքի հարցումներում։ Մենք անկեղծորեն աջակցում ենք նրա կառուցողական դերին այս հարցում։ Այս մոտեցումը, այս ցանկությունը պետք է պահպանվի»,- ասել էր նա։
• Եթե Հայաստանը չի կարևորելու Front office-ը կամ, այսպես կոչված, առաջնային գրասենյակը, սա Հայաստանի համար ոչ մի նշանակություն չունեցող փաստաթուղթ է։ Թղթում 10 տեղ ընդգծված «Հայաստանի սուվերենություն» արտահայտությունը ևս ոչ մի նշանակություն չունի, բացի նախընտրական հնարք լինելուց։
Ի դեպ, Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի համատեղ ներկայացրած այդ փաստաթղթում գրված է. «ԹՐԻՓՓ-ի միջոցով ԱՄՆ ակնկալվող օգուտներն են՝ նոր շուկաների բացում ամերիկյան ներդրումների, բիզնեսի ու ապրանքների համար, տարածաշրջանում առևտրի համար փոխկապակցվածություն, որը հումք, կարևորագույն հանքանյութեր և հազվագյուտ մետաղներ կբերի ամերիկյան շուկաներ, ԱՄՆ, Եվրոպայի և Ասիայի միջև հավելյալ առևտրային ուղիների տարբերակներ՝ ապահովելով, որ մարդիկ և ապրանքները կարողանան տեղաշարժվել՝ անկախ աշխարհաքաղաքական փոփոխություններից»։
• TRIPP-ի միջոցով ԱՄՆ ակնկալվող օգուտների թվում այս թղթում նշվում է փոխկապակցվածությունը, որը հումք, կարևորագույն հանքանյութեր և հազվագյուտ մետաղներ կբերի ամերիկյան շուկաներ: ԱՄՆ-ի համար այդ ի՞նչ օգտակար հանածոների մասին է խոսքը, դրանց թվո՞ւմ են արդյոք Հայաստանի ընդերքի հանածոները, կա՞ արդյոք դրանց վերաբերյալ առանձին պայմանավորվածություն, ի՞նչ համամասնությունների մասին է խոսքը:
Ներկայիս աշխարհում գրեթե անթաքույց պատերազմներ են մղվում հանքանյութերի, հազվագյուտ մետաղների, ռեսուրսների համար, և Հայաստանի ընդերքը, հատկապես Սյունիքը, հարուստ է դրանցով։ Այդ դեպքում պարզ չէ՝ Հայաստանի ընդերքի հարստությունը և՞ս պետք է այդ ճանապարհով դուրս բերվի, և եթե այո, ի՞նչ համամասնությամբ, արդյո՞ք ուկրաինական սցենարը մեր պարագայում կրկնվելու է… Եթե՝ այո, ուրեմն մենք գործ ենք ունենալու նեոգաղութացման հետ։ Եթե՝ ոչ, ինչո՞ւ է այս փաստաթղթում խոսք գնում մեր ընդերքի մասին։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահն Ուկրաինայից պահանջեց, որպեսզի էլեկտրոնիկայի մեջ օգտագործվող հազվագյուտ հողային մետաղներ մատակարարի Միացյալ Նահանգներին՝ Ամերիկայի տրամադրած շուրջ 300 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության դիմաց։
• Հայաստանը հողօգտագործման սկզբունքում իր տարածքը տրամադրում է 74% մասնաբաժնով, փոխարենը՝ ստանում է 26% մասնաբաժին․ եթե սա լավ է, թող ինձ ասեն՝ ո՞րն է վատը։ Մի կողմից՝ մեր տարածքը թեպետ չի օտարվում ԱՄՆ-ին, բայց փաստացի ԱՄՆ-ը վերահսկողություն է իրականացնելու մեր տարածքի նկատմամբ։ Ո՞վ կհամաձայներ նման նվաստացնող պայմանների։
• Իսկ եթե ԱՄՆ-ը հետագայում ցանկանա իր բաժնեմասից որոշակի մաս վաճառել, օրինակ՝ Թուրքիային։ Մեր հետախուզական կարողությունները թույլ կտա՞ն չեզոքացնել վտանգը, թույլ չտալ դա, որովհետև թուրքական այդ ընկերությունը, օրինակ, կարող է գրանցված լինել Շվեյցարիայում։ Այս պարագայում ճիշտ կլիներ, որ այդ փաստաթղթում ամրագրված լիներ, որ կա՛մ 49 տարով արգելվում է բաժնեմասերի վաճառքը, կա՛մ, եթե վաճառվելու է, նախապատվությունը տրվի Հայաստանին։ Ես չեմ հասկանում՝ մեր իշխանությունն ինչի՞ց է գոհ, որ սուվերենության մասի՞ն է խոսվում։ Իսկ ի՞նչ է, երբևէ ԱՄՆ-ը կասկածի տակ դրե՞լ է մեր սուվերենությունը, որ դրա ուռճացված մատնանշումը TRIPP-ի փաստաթղթում մեծ ձեռքբերում են համարում։ Հերթական փշրանքներն են 26%-ի տեսքով, որ 2026թ․ ընտրությունների ժամանակ հերթական անգամ մոլորեցնեն մեր հանրությանը, համոզեն, որ Հայաստանը Նյու Վասյուկի է։
• ԱՄՆ պետական շահերն այս փաստաթղթում ամբողջովին արտացոլված են։ Քանի դեռ այս փաստաթուղթն իրավական ուժ չունի, տեխնիկապես այն պարտադիր կատարման ենթակա չէ, բայց քաղաքականապես ո՞վ է հանդգնելու բողոքարկել այս փաստաթուղթը, եթե ինչ-որ բան այնպես չլինի, Հայաստանի ներկայիս իշխանությո՞ւնը… Դրա համար եմ ասում՝ այս փաստաթուղթն ու TRIPP նախագիծը սրանք չպետք է կենսագործեն։
• Պատահական չէր Իրանի դեսպանի աննախադեպ կոշտ հայտարարությունը։ Նորանկախ Հայաստանի պատմության մեջ ես նման դեպք չեմ հիշում, որ Իրանի դեսպանը նման կոշտ բառապաշարով հանդես գար։ Ես չգիտեմ՝ Իրանի դեսպանի ու Սոլովյովի պախարակելի, խիստ դատապարտելի, բայց ոչ պաշտոնական հայտարարությունները պատահականությո՞ւն էին , թե՞ ոչ։ Բայց եթե պատահականություն չեն, նշանակում է՝ Իրանն ու Ռուսաստանը պատրաստվում են հակազդել Հայաստանին։ Այդ դեպքում միանշանակ կտուժեն Հայաստան պետությունն ու հայ ժողովուրդը։
• TRIPP-ի փաստաթղթում մի քանի տեղ խոսվում է ԱՄՆ ֆինանսական և այլ օգուտների մասին։ Հայաստանի պարագայում խոսքն աշխատատեղերի, կադրերի վերապատրաստման և անհամեմատ նվազ կարևոր օգուտների մասին է։ Անհամարժեք է Հայաստանի տվածն այն օգուտների հետ, որն ԱՄՆ-ը կստանա։
• Մեկ բան ակնհայտ է, որ Ադրբեջանն ինքնուրույնաբար Արցախի վրա հարձակվելու որոշում չէր կարող կայացնել, եթե չունենար վստահություն, որ կմարսեր։ Այլապես դա կործանարար կլիներ Ադրբեջանի ներկայիս ռեժիմի համար։
• Ծիծաղելի է լսել, որ ամերիկյան կապիտալը, որը ներդրվելու է մեր Սյունիքում, անվտանգության երաշխիք է, երբ մենք ունենք օրինակ, որ 2023 թվականին ամերիկյան կապիտալով Երասխում մետալուրգիական գործարան կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերությունն այդ գործարանը ստիպված եղավ տեղափոխել իր տեղակայման վայրից, որովհետև Ադրբեջանը կրակում էր Երասխի հենց այդ հատվածում։
Հիշեցնենք, ադրբեջանական կողմը կրակահերթերի թիրախում էր պահում Երասխում կառուցվող գործարանը, բանվորների կացարանի ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքով երկու հնդիկ բանվորներ էին վիրավորվել։ Երասխից կառուցվող այդ մետաղաձուլական գործարանը ստիպված տեղափոխեցին Արարատ: 2025թ. Նիկոլ Փաշինյանն իր տելեգրամ-ալիքում տեղեկացրեց, որ Արարատում արդեն աշխատում է, և հրապարակեց այցի տեսանյութը։
• Հայտարարելով չէ, որ մենք այլևս խաղաղության դարաշրջանում ենք։ Դա խաղաղություն չէ, խաղաղություն այդպես չի լինում: Իրականությունն այլ բանի մասին է։ Հայաստանն ինչպե՞ս է վերահսկելու, որ տարանցիկ ռեժիմով այլ բեռներ՝ զենքեր կամ վտանգավոր նյութեր չտեղափոխվեն։
• ԱՄՆ-ը վերահսկիչ բաժնեմաս ունի, և միայն սկզբունքային հարցերում Հայաստանի վերահսկողությամբ, այսինքն, կառավարումն ամբողջությամբ հանձնվում է ԱՄՆ-ին, իսկ սկզբունքային հարցերով վերացականորեն խոսվում է ընկերության նկատմամբ ՀՀ վերահսկողության մասին, որն այսպես թե այնպես առկա էր առանց այս ամրագրման էլ, քանի որ այդ ընկերությունը գործում է ՀՀ իրավազորության ներքո:
Որո՞նք են այդ սկզբունքային հարցերը, եթե փաստաթղթի բազում կետերում ուռճացված կերպով շեշտվում է ՀՀ ինքնիշխանությունը և իրավազորությունը բոլոր հարցերում և ամբողջ ծավալով:
• Մենք տրամադրում ենք Ադրբեջանին ռազմավարական առավելություններ ինչի՞ դիմաց, երբ մինչև այժմ Ադրբեջանը չի հայտարարել ու թերևս չի էլ հայտարարելու, որ Հայաստանի քաղաքացիները, մեքենաներն ու բեռները կարող են անցնել իր տարածքով։ Ոչ մի խոսք չի գնում փոխադարձության մասին։
• Փաստաթղթով սա Միջանցք չէ, բայց փաստաթղթով նաև Հայաստանն իրավական պետություն է, բայց այդպե՞ս է, երբ ամեն օր ոտնահարվում են Սահմանադրությունն ու օրենքները։ Հայաստանում իշխանության տարանջատում կա փաստաթղթով, բայց դա այդպե՞ս է։ Հայաստանում եկեղեցին պետությունից անջատ է փաստաթղթով։ Բայց դա այդպե՞ս է։ Մի մարդու իշխանություն է:
• Եթե մենք դառնում ենք գործիք, մեզնից կմնա միայն մեր պետության անվանումն ու տարածքը։
• Անգամ միջազգային այս աջակցության պարագայում, որը շատ կարևոր գործիք է, դեռ սրանց վերարտադրությունը երաշխավորված չէ։ Իսկ եթե վերարտադրվեն կեղծիքներով, դա շատ կթուլացնի սրանց իշխանությունը, որովհետև կկորցնեն իրենց ամենակարևոր կռվանը՝ ընտրված ենք։ Պատժիչ համակարգն անվերջ չի կարող օգտագործվել, միևնույն ժամանակ ես վստահ չեմ, որ իրենց լայնածավալ ընտրակեղծիքներ կատարելու արտոնություն կտրվի։
• Թող փորձեն չգրանցել որոշ քաղաքական ուժերի։ Դրանից հետո իրավիճակը կգնահատի ինչ անել՝ կա՛մ պետք կլինի բոյկոտել, թույլ տալ, որ մարգինալներով իշխանություն ձևավորեն ու թուլացնեն իշխանությունը, կա՛մ մասնակցեն ընտրությունների՝ լեգիտիմացնելով իշխանությանը։
• Սրանք սովորական ընտրություններ չեն լինելու, այլ ճակատագրական։ Այս ընտրությունները կանխորոշելու են Հայաստանի ապագան։ Եթե մենք՝ Հայաստանի քաղաքացիներս, հունիսին, կամովին կամ ոչ, հաստատենք Թուրքիայի գերիշխանությունը Հայաստանում, պատկերացնո՞ւմ եք՝ հետագայում հաջորդ սերունդներից ի՞նչ զոհողություններ կպահանջվեն Թուրքիային այստեղից դուրս մղելու համար…
• Որ պահին Ադրբեջանը տեսնի, որ Հայաստանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու հնարավորություն կա, նա գնալու է դրան՝ այդ թվում՝ խախտելով կնքվելիք կամ արդեն կնքված խաղաղության պայմանագիրը։
• Աշխարհում միասնական քրիստոնեական եկեղեցին վաղուց է պառակտվել, և շատ եկեղեցիներ Հայ Առաքելական եկեղեցուն որպես մրցակից են ընկալում։
• Հայ Առաքելական եկեղեցին միակ կառույցն է, որի նկատմամբ Փաշինյանն՝ իր ՔՊ-ով, ու նրա տերերը չունեն ազդեցություն։ Մեր եկեղեցին ՔՊ-ից ազատ միակ տարածքն է։ Եկեղեցու դեմ արշավով ՔՊ-ն մոբիլիզացնում է այն ընտրազանգվածը, որը դուրս է Հայ Առաքելական եկեղեցու շրջանակից։ Պատկերացրե՛ք՝ ինչ տեղի կունենար, եթե Հայ Առաքելական եկեղեցին փորձեր նսեմացնել այլ կրոնական կազմակերպության ղեկավարին ու միջամտեր նրա ներքին գործերին («Եհովայի վկաների», «Կյանքի խոսքի», ևն,- հեղ)։
• Եկեղեցին մասնավոր կառույց է, իսկ հոգևորականները՝ մասնավոր անձինք։ Նրանք պաշտոնյաներ չեն, բայց ի՞նչ է նշանակում՝ չպետք է զբաղվեն քաղաքականությամբ։ Կարո՛ղ են և պե՛տք է զբաղվեն։ Քաղաքացուն թույլատրված է այն, ինչ արգելված չէ օրենքով։
• Եկեղեցու դեմ Փաշինյանի և ՔՊ-ի միջամտությունը ոտնձգություն է երկրի սահմանադրական կարգի դեմ։
• Կաթողիկոսն արցախահայերի իրավունքների նկատմամբ չի ասել մի բան, որը դուրս է միջազգային իրավունքից, մեր ներքին օրենքների շրջանակից, մի բան, որը չեն ասել Եվրախորհուրդն ու միջազգային դատական ատյանները։
• Եթե անգամ սրանք հասնեն հաջողության, թեպետ մինչև այժմ պարտվում են անգամ իրենց մարտավարության մեջ, դա ուժեղացնելու է մեր Եկեղեցին։ Սրանք չէ, որ կարող են լինել մեր եկեղեցու բարեփոխիչները։ Ծանր հանցանքներ կատարած ու կատարող մարդիկ չեն կարող եկեղեցու բարեփոխիչներ լինել։ Բարեփոխման կարիք կա, բայց այն պետք է բարեփոխվի Եկեղեցու ներսից։
• Հոգևորականնե՞րն են արտաքին գործակալներ․ ձեզ նայեք, գործակալ փնտրելիս հանկարծ ձեզ վրա դուրս չգաք։ Ո՞վ եք դուք։
• Ընդդիմադիր ուժերն ընտրություններից առաջ պետք է ստորագրեն հուշագիր, քաղաքական հայտարարություն անեն, որ այն անձինք, ովքեր վաղեմության ժամկետը չանցած հանցանքներ են գործել, պետք է անպայման ենթարկվեն քրեական պատասխանատվության։ Դա հավասարապես պետք է նախորդի նաև 2018թ․ նախորդող շրջանին և ներկայիս շրջանին և ներկայիս շրջանի սլաքավարներին, ովքեր ասում են՝ դե, մեզ հրաման են տվել։ Ապօրինի հրաման չկատարեիք։ Ոչ ոք, ոչ մի քաղաքական ուժ թող քաղաքացու՝ իմ անունից երաշխիքներ չտա ներկայիս իշխանությանը։
դեպի ետ