05.03.2026«ՎԱՐԴԵՆԻՍ ՈՒ ՋԵՐՄՈՒԿ ՆՈՐ ՆԵՐԽՈՒԺՈՒՄՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ. իշխանությունը թաքցնում է». Արման Թաթոյան
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ ՀՀ-ում տեղի են ունեցել նոր ներխուժումներ, ինչը Հայաստանի իշխանությունը թաքցրել է հանրությունից։
Արման Թաթոյանը փաստեր ներկայացրեց՝ ցույց տալով, թե ինչ անվտանգային մարտահրավեր ու խնդիր ունի Հայաստանը։ Ներկայացված փաստերը հաստատված են արբանյակային լուսանկարներով։
«Առաջինը ցույց կտամ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցածը, մասնավորապես՝ Վարդենիսում։ Մինչև 2025 թվականի հուլիսի 31-ն այս դիրքը գոյություն չի ունեցել, ըստ արբանյակային լուսանկարների, այստեղ տեսնում ենք, որ դիրքերի տեղադրումը տեղի է ունեցել մինչև օգոստոսի 19-ի դրությամբ։
Տեսնում ենք, որ սա մարտական հերթափոխություն կրող ադրբեջանական դիրք է, այստեղ խոշոր զինատեսակների համար նախատեսված կրակային դիրքեր են, խոսքը մասնավորապես վերաբերում է նռնականետերին, ականանետերին, այստեղ նաև հրաձգային հատուկ կետեր են նախատեսված։ Բնականաբար, առանձին նախատեսված են նաև կոմունիկացիաներ։
Այս դիրքերից արդեն Սոթքի հանքավայրն է՝ 4 կմ ուղիղ նշանառությամբ, այստեղ տեսնում ենք, որ ուղիղ թիրախի տակ է հայտնվել Սոթքի հանքավայրը։ Սա էլ արդեն այդ նույն դիրքերից դեպի մեր քաղաքացիական բնակավայրն է, մասնավորապես, Կութ գյուղը, որը նրանց ուղիղ նշանառությունն է»,- նշեց Արման Թաթոյանը։
Նա նաև ցույց տվեց ադրբեջանական նույն դիրքերից դեպի տեղի հայկական արոտավայրերը, վարելահողերը, որոնք ադրբեջանցիներից մոտ 2 կմ հեռավորություն ունի։ Նույն դիրքը Հայաստանի ճանապահից մոտ 200 մետր հեռավորության վրա է, նույն ճանապարհն օգտագործվում է նաև ՀՀ զինված ուժերի կողմից։
«Այս դիրքը նպատակ ունի ոչ միայն ճնշել ու թիրախի տակ պահել մեր հայկական բնակավայրերը, հայ բնակչությանը, նաև ճնշող ու վտանգող նշանակություն ունի մեր զինվորների համար, սա նաև վտանգում է նրանց կյանքը։
Նրանք այստեղ այնքան են ամրապնդել իրենց դիրքերը, որ արդեն արևային պանելներ են տեղադրել, ամրացման աշխատանք են արել, կոմունիկացիաներ են ամրացրել»,- հավելեց Արման Թաթոյանը և ցույց տվեց Վարդենիսում ադրբեջանական ևս մեկ դիրք, որտեղ ադրբեջանցիներն արդեն ճանապարհներ են կառուցել՝ անվանելով «ռակադային» ճանապարհներ, այսինքն՝ օպերատիվ, ռազմավարական ու մարտավարական նշանակության ճանապարհներ։ Դրանով, ինչպես նշեց Արման Թաթոյանը՝ ադրբեջանական կողմը բարելավում է իր ճանապարհային կոմունիկացիաները հայկական տարածքներում։
Նա ևս մեկ անգամ կրկնեց՝ դրանք մինչև 2025 թվականի հուլիսի 31-ը չեն եղել, ճանապարհին այդ կոմունիկացիաները, բարելավումները տեղի են ունեցել հուլիսի 31-ից հետո։
«Հայաստանի սահմանից ընդամենը մի քանի մետր այն կողմ Ադրբեջանը կառուցել է հատուկ թաքստոցներ, մինչև նախորդ տարվա օգոստոսի 19-ը ադրբեջանցիները կատարել են շատ խոշոր ամրաշինական աշխատանքներ, հատուկ թաքստոցներ, որոնք կարող են օգտագործվել ռազմական մեքենաների, տանկերի համար։ Ենթադրում ենք, որ թաքստոցների այս հատվածները կարող են օգտագործել մեքենաների համար, ականանետերի ու այլ նպատակներով, կարող է նաև այս ամենն արել են հարձակողական նպատակներով։ Տեսանք, որ սրանք ուղիղ վերահսկողության տակ են պահում մեր գյուղերը»,- շեշտեց Արման Թաթոյանը։
Նրա խոսքով, դիրքային փոփոխություններ են տեղի ունեցել ոչ միայն Վարդենիսում ու Գեղարքունիքի մարզում, այլև Վայոց ձորում, մասնավորապես՝ Ջերմուկում։ Ջերմուկում ադրբեջանցիները բարելավել են այն դիրքերը, որտեղից կարող են ականանետեր, նռնականետեր օգտագործել։ Ջերմուկի դիրքերում էլ ադրբեջանցիները փոփոխություններ են արել մինչև նախորդ տարվա օգոստոս։
«Այստեղ նրանք կառուցել են ականանետային դասակների համար նախատեսված դիրքեր, սրանք հասարակ ինժեներային ու հատուկ դիրքերի ամրացման աշխատանքներ չեն, սրանք արվել են հատուկ նպատակներով՝ Ջերմուկի հարևանությամբ, ՀՀ ինքնիշխան տարածքի մեջ»,- ընդգծեց Արման Թաթոյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
դեպի ետ