• am
  • ru
  • en
Версия для печати
16.06.2025

2026` ԷՐԴՈՂԱՆ-ՓԱՇԻՆՅԱՆ-ԵՎՐՈՊԱ ԳՈՐԾԱՐՔԻ ԳԻՆԸ. Ե՞ՐԲ ԻՍՐԱՅԵԼՆ ԱԼԻԵՎԻՑ ԿՊԱՀԱՆՋԻ ԱՐՑԱԽԸ ԳՐԱՎԵԼՈՒ ՊԱՐՏՔԸ. #ԴԱՍԵՐ #21

   

«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը քաղաքական վերլուծաբան, «Կամուրջ» հասարակական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանն ու քաղաքագետ Հրանտ Միքայելյանն են։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

Արման Աբովյան.- Աստված ոչ հանի, որ միջուկային համատեղ ռմբահարումներ լինեն։ Սա իրանա-իսրայելական պատերազմ չէ, սա 3-րդ համաշխարհային պատերազմի հընթացս գործընթացի որոշակի արգասիքներից մեկն է։

Կառավարել Մերձավոր Արևելքը հնարավոր է միայն միջուկային զենքով։ Եթե հանկարծ հայտնվում է մի խաղացող, բացի Իսրայելից, ում ձեռքում միջուկային զենք կա, անգլո–սաքսոնական թևը սկսում է խառնվել իրար։ Այս պարագայում Եվրասիական և Հյուսիս–ասիական վեկտորի մոտ կարևոր է փլուզել այն մենաշնորհը, որը կա Մերձավոր Արևելքում։ Բայց Ռուսաստանը խնդիր ունի դեռ՝ լուծելու ուկրաինական քեյսը։ Միանշանակ չէ, որ Չինաստանն ու Ռուսաստանը միանշանակ սատարում են Իրանին, բայց որ նրանք գտնվում են մի նավի մեջ, անկասկած է։ Այս պահին կա կոնսենսուս, որ չինական «սպեցնազը» չի մտնի Հայֆա, Ռուսաստանը չի ռմբակոծի Իսրայելը, Ամերիկան էլ զորք չի մտցնի Իրան։

Պատահական չէ, որ ՌԴ նախագահ Պուտինը խոսեց Փեզեշքիանի և Նեթանյահուի հետ, ինչից հետո կոշտ հակաիսրայելական հայտարարություն արեց, իհարկե, չափի մեջ։

Հրանտ Միքայելյան.- Քանի որ կողմերը ցամաքային հատման կետ չունեն, այս պահին դեռևս ցամաքային բախումներ չկան, բայց դժվար է ասել՝ մինչև ուր կհասնի Իրան-Իսրայել պատերազմը։ Բայց սա հենց պատերազմ է, ոչ թե պարզապես ռազմական բախում։

Ենթադրենք՝ Իրանն ունեցավ միջուկային զենք, որը, չի էլ բացառվում, որ կա, ապա արդյո՞ք դա նշանակում է, որ վաղը Իրանն այդ զենքը կկիրառի Իսրայելի դեմ։ Ես համոզված եմ, որ չէ, չի կիրառի։ Ուղղակի քանի որ Իրանն ունի համաշխարհային նկրտումներ և ուզում է լինել իսլամական աշխարհի առաջնորդը, այսպիսով ուզում են նրան զսպել, իսկ երբ ունենա միջուկային զենք, նրան զսպել չի լինի։ Հիմա փորձում են զսպել Իրանի ամբիցիաները։

Ի տարբերություն Իսրայելի՝ Իրանն անկախ խաղացող է։ Իսրայելը ստիպված է հաշվի առնել ԱՄՆ-ի կարծիքը։ Եվս մի տարբերություն՝ ի տարբերություն Իսրայելի, Իրանը պատերազմում է սեփական միջոցներով։

Արման Աբովյան.- «Միջուկային ակումբ» անվանվող պետությունները շատ բծախնդիր են այն պետությունների նկատմամբ, ովքեր միջուկային զենք են ձեռք բերում։ Այն վայրկյանին, երբ Իրանը հայտարարի կամ հասկացնի, որ ինքն ունի միջուկային պոտենցիալ, միանշանակ կարելի է պնդել, որ դոմինոն տարածաշրջանում կսկսի փլվել․ Թուրքիան, Սաուդիան Արաբիան և մյուսները նույնպես կձգտեն ունենալ նման զենք։

Հիշեցնենք, որ ըստ տեղեկությունների՝ Իսրայելն Իրանին հարվածել է Ադրբեջանում քողարկված իր հենակետերից:

Հրանտ Միքայելյան.- Իսրայելը, այո, Ադրբեջանն օգտագործում է՝ որպես իր բազա, բայց արդյո՞ք Ադրբեջանի տարածքից հարվածներ կհասցնեն, դժվար է ասել։ Իմ կարծիքով՝ Ալիևը շատ զգույշ է, և հակաիրանական կոալիցիային կմիանա միայն այն դեպքում, երբ հասկանա, որ Իրանն ի զորու չէ համարժեք արձագանքել։ Այս առումով Ադրբեջանն առաջնային թիրախ է, քանի որ սահմանային երկիր է Իրանին։

Արման Աբովյան.- Այո՛, օկուպացված Արցախի տարածքից մինչ այս պատերազմն իսրայելական ինքնաթիռները մտնում էին Իրանի տարածք։ Ադրբեջանն ինչքան էլ իրեն ուժեղ տղայի տեղ դնի, բոլորը հասկանում են, որ իր ուժի հետևում Թուրքիան ու Իսրայելն են։ Արցախի օկուպացիայի միջազգային սատարման 50%-ից ավելիի «մեղավորն» Իսրայելն է։ Թուրքիայի և Իսրայելի աջակցության շնորհիվ է Ադրբեջանն օկուպացրել Արցախը: Գալու է մի ժամանակ, երբ հրեաներն Ադրբեջանից ուզելու են 44-օրյա պատերազմում նրա հաղթանակի պարտքերը։ Եվ այստեղ Ալիևի մանևրելու դաշտը շատ փոքր է։ Այդ ժամանակ Ադրբեջանի գլխին այնպիսի բան կսարքվի, որի տակից հնարավոր չի լինի դուրս գալ։

Հրանտ Միքայելյան.- Եթե Իրանը հանկարծ Ադրբեջանի դեմ սկսի գործողություններ, կօգտագործեն կրոնական գործոնը։ Ադրբեջանը շատ խոցելի է Իրանի դեմ, բայց քանի որ հակաիրանական կոալիցիան զորեղ է, դրանով մեղմվում է վտանգը։ Չմոռանանք նաև Իրանի նախագահ Փեզեշքիանի գործոնը, որն ազգայնական ադրբեջանցի է և շատ բան է արել, որպեսզի Իրանի քաղաքականությունն Ադրբեջանի նկատմամբ մեղմվի։ Եվ եթե հաշվի առնենք նաև Իրանի նախկին նախագահ Ռաիսիի առեղծվածային ողբերգական մահն Ադրբեջանից վերադառնալիս, հարցերը մնում են առկախված։

Չեմ բացառում, որ Իրանի դեմ ներսում օգտագործվել են քրդերն ու ադրբեջանցիները։ Կարող են նաև հիմա էլ օգտագործվել, եթե հաշվի առնենք Նեթանյահուի երեկվա կոչը՝ դուրս գալ Իրանի կառավարության դեմ։ Բայց այս պահի դրությամբ դա հնարավոր չէ, որովհետև Իրանի կառավարությունը լիովին վերահսկում է իրավիճակը։ Բայց եթե պատերազմը երկարեց, ամեն ինչ հնարավոր է։ Սակայն Իրանը մասնատելու փորձեր ակնհայտորեն կան։

Արման Աբովյան.- Հայաստանի իշխանությունն ադեկվատ չէ․ իրենք կոլաբորանտ են։ Ի տարբերություն իրենց՝ Թուրքիան և Ադրբեջանը գործում են համակարգված և համաձայն նախագծի։ Թուրքիան ունի նպատակ՝ ցամաքով Ադրբեջանի հետ միավորվելու վերաբերյալ։ Սա անգամ ոչ թե թուրքական, այլ նաև արևմտյան, մասնավորապես՝ եվրոպական նպատակ է, որի մասին նրանք բազմիցս հայտարարել են:

Եթե Իրանը թուլանա այն մակարդակի, որ սակարկման առարկա դարձնի «Զանգեզուրի միջանցքը»՝ Հայաստանի մասնատման գործընթացի առանցքային կետը, ապա միանշանակ առանց մտածելու՝ իրենք կգնան այդ քայլին։ Մենք հասկանում ենք՝ ուրիշներն ինչ են անելու, բա մե՞նք ինչ ենք անելու։

Այսօր մենք հասել ենք մի իրավիճակի, որ Իրանի մասնակցությամբ ընթացող պատերազմը մեզ համար էքզիստենցիալ, գոյաբանական հարց է։

Այս իշխանությունները մեզ վրա մեր վախերը վաճառում են։ Հիմա որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին գնա Անկարա, ինչ-որ մի բան ստորագրի, մեր վիճակն ի՞նչ է լինելու։

Ժողովուրդ, Նիկոլ Փաշինյանի ասած «Իրական Հայաստանը» հավասարազոր է Ալիևի ասած Արևմտյան Ադրբեջանին։ Սա հիշե՛ք: Մնացածը լոլոներ են։

Հրանտ Միքայելյան.– Թուրքիայի տեսանկյունից Փաշինյանը թուրքական դարպասներ բացող է։ Նիկոլ Փաշինյանը գոյություն ունի, որպեսզի Հայաստանի վրա իրենք ճնշման լծակներ ունենան։ Փաշինյանը Հայաստանը թողնում է անպաշտպան, բանակը թշնամու թիրախ է դարձնում, փոխանակ զբաղվի անվտանգության հարցերով, օրինակ՝ դրոնների ձեռքբերմամբ, և այլն… Ավելի քան 300.000 դրոններ են պետք, դրանից քիչը հարց չի լուծելու։ Հարցն այն չէ՝ կլինի՞ պատերազմ, թե՞ չէ, այլ այսօր արդեն հարցն այն է՝ կլինի՞ ցեղասպանություն, թե՞ չէ։ Իսկ եթե մենք մեր գործիքները վայր դնենք, հենց այդպես էլ լինելու է՝ ցեղասպանություն։ Էլ չեմ խոսում այն մասին, որ 2020թ․ պատերազմի ժամանակ Փաշինյանն ամեն ինչ արեց, որ մենք պարտվենք։

Արտաքին հետախուզական ծառայություն ստեղծեցին՝ ԱԱԾ-ն չեզոքացնելու համար։ Այդ կառույցի զեկույցում գրված էր, որ արտաքին վտանգ չկա, իսկ Թուրքիայի հետ հարաբերությունները հնարավորություն են մեզ համար։ Միևնույն ժամանակ այդ նույն զեկույցում Ռուսաստանը դիտարկվում է՝ որպես թշնամի։ Ահա սրանց պատկերացումները: Հետևությունները դուք արեք:

Չի բացառվում՝ Փաշինյանը Թուրքիայում, Էրդողանի մոտ գնալով՝ մի թուղթ ստորագրի:

Արման Աբովյան.– Ժողովուրդ ջա՛ն, եթե մարդուն, պետությունը կամ ազգին ուզում ես ոչնչացնել, դու պետք է նրանց զրկես հիմնական կենսական ստիմուլներից, որոնց համար նրանք պետք է պայքարեն։ Նացիստական Գերմանիայում մարդկանց վառելուց առաջ զրկում էին անունից, կրոնից, համարանիշ էին խփում ձեռքներին ու ուղարկում մեռնելու։ Դուք սա չե՞ք հասկանում, որ քոռ դանակը դրել են վզներիդ ու մորթում են։ Այսօր ամբողջ տարածաշրջանը տրաքել է։ Ու էս պարագայում երկրի ղեկավարը Եվրոպայում եսիմինչ լոլոներից է խոսում։ Դա նման է նրան, որ ձեր շենքը հրդեհվել է, իսկ ձեր տան մեծը գնացել է հարևանի տուն՝ սուրճ խմելու։

Հրանտ Միքայելյան.- Կաթողիկոսի դեմ Նիկոլ Փաշինյանի հարձակումը հայկական գործոնի չեզոքացման մաս է։ Նպատակը հենց սա է։ Ապշելու է, երբ Փաշինյանի նման մարդը խոսում է բարոյականությունից։ Երևի շատ էր խմել ու ջղայնացել էր, որ Կաթողիկոսը Շվեյցարիայում քննադատել է իր հակաարցախյան գործողությունները։ Փաշինյանը զավթել է բոլոր ինստիտուտները, իր ծրագրերն ավարտին հասցնելու համար մնացել է միայն Հայ Առաքելական եկեղեցին, որպեսզի թուրքերն ու ադրբեջանցիներն արագ իրենց գործողություններն անեն։

Զանգեզուրի միջանցքի գաղափարին Իրանն Ադրբեջանին առաջարկում է այլընտրանք՝ հենց Իրանի տարածքով։ Ամբողջ ենթակառուցվածքները պատրաստ են, Ադրբեջանը դա չի մերժում, բայց իրենց նպատակն անխափան ճանապարհ ունենալը չէ, այլ Հայաստանում արտատարածքային միավոր ունենալն է։ Սպառողական ապրանքների համար Իրանի ճանապարհը լրիվ բավարար է։ Իսկ նրանք այլ բեռներ են ուզում տեղափոխել Հայաստանի տարածքով՝ զենք, թմրանյութ, ռադիոակտիվ նյութեր… Մեզ փորձում են օգտագործել։ Ընդ որում, Ադրբեջանն ուզում է այդ ճանապարհը միակողմանի օգտագործել։ Դա թուրքական դարավոր ծրագիր է։

Ես թերահավատ եմ, որ ընտրություններով հնարավոր է փոխել այս իշխանությանը: Պետք է փորձել բոլոր ճանապարհները՝ այս իշխանություններից օր առաջ ազատվելու համար: Բայց սա չի նշանակում, որ չպետք է գնալ ընտրության։

Տեսականորեն իմպիչմենտի օրակարգը շատ լավ միտք է, բայց արդյո՞ք գործնականորեն հնարավոր է, թե՞ ոչ, դժվար է ասել, որովհետև ես չեմ պատկերացնում՝ ՔՊ-ն ինչպես է քվեարկելու, ինչպես է անվստահություն հայտնելու Նիկոլ Փաշինյանին։ Ես համոզված եմ, որ ընդդիմությունը պետք է եզրեր գտնի միավորվելու, ոչ թե պառակտվելու։ Այսօրվանից պետք է այդ եզրերը որոնել։

Արման Աբովյան.- Իշխանափոխության բոլոր գործիքները պետք է օգտագործել, այդ թվում՝ իմպիչմենտը։ Չի կարելի հրաժարվել ո՛չ արտահերթ, ո՛չ հերթական գործընթացներից։ Մարդիկ զզվել են ամբողջ քաղաքական գաղջից, և նրանց համար կարևոր է՝ ինչ են առաջարկում ընդդիմադիրները։ Հին կուսակցական ֆորմատները, ես համոզված եմ, իրենց դարն ապրել են։

Մենք այս իշխանության երեսից կանգնած ենք գոյաբանական խնդրի առջև։ Մենք էլ ենք հոգնել սա ասելուց, ժողովուրդ։ Լավ, դժվա՞ր է սա հասկանալ։

Եկեղեցու դեմ գործընթացը լյուստրացիա է․ պարզ է դառնում՝ ո՞վ է հայ և ո՞վ անձնագրով է հայ։

Մանրամասները՝ տեսանյութում։



168.am


դեպի ետ