• am
  • ru
  • en
Версия для печати
22.11.2025

ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՎԱՐՏԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ԵՐԲԵՔ ԱՅՍՔԱՆ ՄԵԾ ՉԻ ԵՂԵԼ, ԲԱՅՑ...

   

Կարելի է ասել, որ այս պահին Ուկրաինայում ստեղծվել է նախադեպը չունեցող իրավիճակ: Ավելի կոնկրետ, որ Կիեւի ռեժիմը եւ անձամբ Զելենսկին երբեք այսքան ծանր վիճակում չեն եղել։ Դա կտանի խաղաղության. այս հարցի պատասխանը շատ կարեւոր է նաեւ Հայաստանի համար:

ԻՆՉ ՎԻՃԱԿՈՒՄ Է ԶԵԼԵՆՍԿԻՆ

Այն, որ Զելենսկին հայտնվել է աննախադեպ ծանր վիճակում, սպասելի էր: Պատկերը սա է. առաջնագծում աղետ է, որ կարող է հասցնել իսկական կատաստրոֆայի՝ բոլոր ուղղություններում: Երկրում փող չկա. անգամ վարչախումբն է խոստովանում, որ ամենաուշը փետրվարին եղած ֆինանսները կզրոյանան, մինչդեռ ոչ ոք նույնիսկ չի խոստանում գումար տրամադրել. միայն մեկը մյուսից ֆանտաստիկ սխեմաներից են խոսում: ԱՄՆ քաղաքական աջակցությունը գոլորշիացել է բոլոր արտոնությունների հետ միասին, եվրոպացիները հիմնականում ձեւական խոսքեր են ասում, բայց անկարող են որեւէ ռեալ բան անել: Վերջապես, Մինդիչի սկանդալն ավելի ու ավելի է մոտենում Զելենսկու գրասենյակին: Բանը հասավ Զելենսկու խորհրդական խմբակցությունում իսկական «բունտի», երբ պատգամավորների մի մասը՝ ուղիղ գծով արեւմտյան դրածոները, ակնհայտորեն ոչ առանց «վերին հրամանի» սկսեցին խոսել մյուս ուժերին միանալու եւ կառավարության հրաժարականի հարցն առաջ տանելու մասին:

Վերջապես, Թուրքիա մեկնած Զելենսկին, այս ամենից զատ, եւս մեկ հարված ստացավ: Հույս ուներ հանդիպել Ուիտկոֆի հետ եւ հասնել իր եւ «գորշ կարդինալ» Երմակի «անձեռնմխելիության կարգավիճակի» վերականգնման՝ ինչ-ինչ խոստումներով: Ուիտկոֆը վերջին պահին չեղարկեց հանդիպումը՝ եւս մեկ անգամ ցույց տալով, որ Զելենսկուն լսել Վաշինգտոնում չեն ցանկանում. նրանից այս պահին միայն մեկ սպասելիք կա:

Իրականում ի՞նչ կատարվեց այս վերջին մեկ ամսվա ընթացքում, միանգամայն սպասելի էր: Մեկ ամիս առաջ Զելենսկու առաջ, երբ նա վերջին անգամ այցելեց Վաշինգտոն, դրված էր խաղաղության պայմանագիր կնքելու պահանջը՝ Դոնբասից հրաժարվելու միջոցով: Զելենսկին, բնականաբար, ոչ առանց Բրիտանիայի գործոնի, հրաժարվեց՝ բացատրելով, թե պատրաստել է մեծ հակահարձակում, դրա արդյունքում կստանա շատ ավելի շահեկան վիճակ ոչ միայն իր, այլ նաեւ՝ Արեւմուտքի համար: Թրամփը, հասկանալի է, հրաժարվել չէր կարող. հակառակ դեպքում կհայտնվեր մեղադրանքների տակ, թե հանուն Մոսկվայի զոհաբերում է արեւմտյան, այդ թվում՝ հենց ամերիկյան շահերը: Եվ ռեակցիան մոտավորապես նման սառը տոնի մեջ էր՝ գնա, հարձակվիր, բայց երկար սպասող չկա՝ մոտ մեկ ամսվա չափ:

Բայց ահա, այս մեկ ամիսը բերեց բոլորովին այլ արդյունք, քան խոստացել էր Զելենսկին: Չէ, նրա խոստացած հակա-հարձակումները եղան, բայց, ելնելով ռազմաճակատային իրողություններից, ուղղված էին ոչ թե ուկրաինական բանակի դիրքերի բարելավմանը, այլ՝ ռուսական մասշտաբային հարձակումների արդյունքում առանցքային հատվածներում շրջապատման մեջ հայտնված ուկրաինական ուժերին ազատելուն: Ընդ որում, առանց որեւէ հաջողության՝ ինչպես Պոկրովսկ-Միրնոգրադի, այնպես էլ Կուպյանսկի առանցքային եւ միանգամայն աշխարհաքաղաքականացված ուղղություններում: Ավելին, այդ հակահարձակումների վրա ուկրաինական եղած-չեղած ողջ պոտենցիալի կենտրոնացումը ռուսներին հնարավորություն տվեց շատ ավելի ցայտուն արդյունքներ արձանագրել մի շարք այլ հանգուցային ուղղություններում. հարավում սպառնում են գրավել Գուլյայպոլեն եւ Օրեխովոն: Դնեպրոպետրովսկի մարզում գրավել են ռազմավարական նշանակության Նովոպավլովկան՝ սպառնալով մտնել մարզի կենտրոնական գոտիներ: Հյուսիսային Դոնբասում գրեթե գրավում են Լիմանն ու Սեւերսկը, Խարկովի մարզում պարզ ուրվագծվում է ոչ միայն Կուպյանսկի անկումն ու դրա արդյունքում առաջացած մեծ «կաթսայի» մաքրումը, այլ նաեւ առնվազն երկու նոր շատ մեծ «կաթսաների» ձեւավորման հեռանկար: Ամենավատն ուկրաինական կողմի համար այն է, որ բոլոր հատվածներում ռուսները սկսել են դուրս գալ ուկրաինացիների հնուց կառուցված պաշտպանական համակարգերի թիկունք՝ սկսելով առաջանալ շատ ավելի քիչ պաշտպանված ուղղություններով: Դրան էլ գումարած, Զելենսկին իր այդ հակահարձակումների վրա էապես մաշեց այն վերջին մարտունակ ստորաբաժանումները, որոնք ուկրաինական բանակը դեռ ուներ: Այսինքն, հետագայում թույլ պաշտպանված գոտիներով հարձակվելով, ռուսներն իրենց դիմաց կունենան նաեւ թույլ հակառակորդ:

Արդյունքում, ստրատեգիական նախաձեռնությունն այս պահին լիովին ռուսների ձեռքին է, որն ուկրաինական խաղատախտակին Արեւմուտքի, ավելի ճիշտ՝ Թրամփի համար ավելի լավ բանակցային դիրքերի փոխարեն, էապես ավելի բարդ դիրքեր է ստեղծել, ու դա էլ ավելի կվատանա, եթե ռուսներն անցնեն Դոնբասի ամբողջական ազատագրման օպերացիային: Այսինքն, եթե հիմա սեղանին է դրված ուկրաինական ուժերը Դոնբասից հանելու հարցը՝ որպես զիջում Մոսկվային, ապա աստիճանաբար խոսքը կգնա Խարկովի եւ Դնեպրոպետրովսկի մասին:

ՎԵՐՋԸ ՏԵՍԱՆԵԼԻ Է

Մի խոսքով, այն ամենը, ինչ մեկ ամիս առաջ Զելենսկին խոստացավ Թրամփին, ունեցավ ճիշտ հակառակ ընթացքը: Ու հիմա նման է, որ Վաշինգտոնում ներկա իրավիճակը ներկայացնում են ոչ թե «Զելենսկին խոստացավ եւ չկարողացավ անել», այլ՝ «Զելենսկին խաբեց Թրամփին» տրամաբանության մեջ: Արդյունքում, հիմա, երբ Զելենսկին փորձեց նորից հանդիպել Ուիտկոֆի հետ եւ խոսել, ի ցույց է դնում այս մոտեցումը. ոչ մի խոսել, պետք է գաք եւ ստորագրեք այն փաստաթուղթը, որը կներկայացվի: Այդ մասին է ակնարկում նաեւ արտահոսքի տեսքով ամերիկյան տեղեկատվական դաշտի միջոցով օրակարգ մտցված 28 կետանոց փաստաթուղթը, որը, իհարկե, մեկ ամիս առաջվա փաստաթղթի ծանրացված տարբերակն է: Այսինքն, ընդհանրական իմաստով, պետք է կատարել Մոսկվայի բոլոր պայմանները՝ սկսած տարածքներից, վերջացրած ուկրաինական բանակի էական կրճատումով, ՆԱՏՕ-ին չանդամակցելու պայմանով, ուկրաինական ռուսաց լեզվի եւ Ուղղափառ եկեղեցու դիրքերը վերականգնելով եւ այդպես շարունակ: Ընդ որում, դա նաեւ ամերիկյան արդեն ոչ թե քաղաքացիական, այլ ռազմական ներկայացուցիչների միջոցով ներկայացվեց Զելենսկուն, ով, թերեւս, մեկ պատասխան պետք է տա՝ համաձայն է, թե՝ ոչ: Սա արդեն ավելի շատ նման է վերջնագրի, որի շրջանակներում, ենթադրելի է, որ Զելենսկին կարող է միայն մեկ հարց քննարկել ամերիկացիների հետ՝ իր անձնական անվտանգության թեման:

Այսպիսով, ի՞նչ կարելի է սպասել Զելենսկուց այս երկընտրանքային պահին: Իհարկե, տեսականորեն դեռ կա այն հնարավորությունը, որ ուկրաինական բանակը, շարունակվող հակահարձակումներում, ինչ-որ հաջողություն կունենա Պոկրովսկում կամ Կուպյանսկում: Դա, իհարկե, Զելենսկին կփորձի դարձնել իր համար գոնե ներքին քաղաքական կայունության հիմքը: Բայց ռազմական իմաստով նման հաջողությունն անգամ բան չի փոխի. ընդամենը եւս մեկ-երկու ամսվա ձգձգում, եւ իրավիճակը կվերադառնա նույն հունին:

Եվրոպայում եւ Թուրքիայում Զելենսկու շրջագայությունը եւս որեւէ տեսանելի բան չփոխեց: Էրդողանը, իհարկե, դեռ աջակցում է «Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը», բայց նաեւ պատրաստ է «ճանաչել ցանկացած որոշում, որը կկայացվի բանակցություններում»: Զելենսկին փորձեց նաեւ այցելել Բրիտանիա՝ Սթարմերին, սակայն նրան հասկացրին, որ անիմաստ է: Մակրոնը խոստացավ 100 ինքնաթիռ, որը լավագույն դեպքում, եթե փող գտնեն, տեղ կհասնի մի երկուե-րեք տարուց: Կարճ ասած, Եվրոպան հասկացնում է՝ փող չի լինելու, թեեւ փաստը, որ արդեն իսկ կիսով չափ կրճատվել է եվրոպական ֆինանսավորումը, արդեն իսկ պարզ ցուցիչ էր: Իսկ ռուսների սառեցված փողերը գողանալու սխեման շատ վտանգավոր է. Մոսկվան պարզապես կպետականացնի Ռուսաստանում եղած եվրոպական ակտիվները, դրանով էլ այդ ակտիվների եվրոպացի սեփականատերերին կհանի սեփական իշխանությունների դեմ:

Այլ կերպ ասած` Զելենսկին ոչ մի հատուկ պատճառ չունի դիմադրելու, ոչ էլ հակամարտությունը եւ իր հակառուսական դիրքորոշումը շարունակելու որեւէ ռեալ կարողություն: Միակ վտանգը իշխանության կորուստն է, ասենք՝ կայծակնային ռազմական հեղաշրջման կամ լիկվիդացման տեսքով, ասենք, ռուսական հերթական հրթիռային հարձակման ժամանակ: Ամերիկացիները կարո՞ղ են լուծել Զելենսկու անձնական անվտանգության խնդիրները, եթե նա խոստանա իրեն ըստ սցենարի պահել. թերեւս շատ բան հիմա դառում է այս հարցից կախված:

Ամեն դեպքում` ասել, թե հենց վաղը կամ մեկ շաբաթից պատերազմը կանգ կառնի, դա էլ ճիշտ չէ. գործընթացը չափազանց բարդ է: Թեեւ գալիք ամիս կամ գոնե հունվարին նախնական զինադադարին հասնելու հեռանկարները երեւում են:

Այսպիսով, կարելի է ֆիքսել, որ ուկրաինական պատերազմի ավարտի հավանականությունը դեռ երբեք այսքան մեծ չի եղել: Չնայած, այնքան շրջադարձեր են եղել, որ դեռ առաջ չվազենք:

www.iravunk.com


դեպի ետ