06.09.2026ԽԵ՜ՂՃ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԵՐԱԾՈՒՄ ԵՆ «ՉՄՈՅԻ», ՈՐԻ ՎՐԱ ՆՈՒՅՆԻՍԿ «ԲՈՄԺԸ» ԿԱՐՈՂ Է ՀԱՐՁԱԿՎԵԼ․ Տեր-Գրիգորյանց
Բիշքեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ եթե Հայաստանը համարում է, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան այլեւս անհրաժեշտ չէ, ապա Ռուսաստանը կարող է հեռանալ նույնիսկ վաղը։ Չուշացավ նաեւ Նիկոլ Փաշինյանի արձագանքը։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է 90-ականներին ՀՀ պաշտպանության նախարարությունում ամենաբարձր պաշտոնները զբաղեցրած եւ այժմ ՌԴ-ում բնակվող ԽՍՀՄ եւ ՀՀ գեներալ-լեյտենանտ ՆՈՐԱՏ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆՑԻ հետ:
«ՌԱԶՄԱԲԱԶԱՆ ՀԵՌԱՑՆԵԼԸ ՁԵՌՆՏՈՒ Է ՆԱՏՕ-ԻՆ, ԻՍԿ ԹՈՒՐՔԻԱՆ ՆԱՏՕ-Ի ՇՈՒՆՆ Է»
— Պարոն գեներալ, Դուք, որպես ՀՀ զինված ուժերի ձեւավորման գործընթացի առանցքային մասնակից եւ Հայաստանում ռուսական ռազմական ներկայության ստեղծման գաղափարի հեղինակներից մեկը, ի՞նչ վտանգներ եք տեսնում, եթե, այնուամենայնիվ, Ռուսաստանը որոշի դուրս բերել 102-րդ ռազմաբազան մեր երկրից։
— Դուք դիմել եք ճիշտ հասցեով, որովհետեւ, ինչպես գիտեք, ՀՀ-ում ռուսական ռազմաբազան ես եմ ստեղծել, ինչպես նաեւ՝ սահմանապահ զորքերն ու զինված ուժերը՝ իհարկե, Ռուսաստանի այն ժամանակվա պաշտպանության նախարար Պավել Գրաչովի հետ եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թույլտվությամբ։ Ի դեպ, Գրաչովը ծառայել է իմ անմիջական հրամանատարության ներքո՝ Աֆղանստանում։ Եվ հիմա նախ ձեզ կպատմեմ, թե ինչու ռազմաբազան ստեղծվեց։
Երբ կար Խորհրդային Միությունը, այն հենվում էր Խորհրդային բանակի վրա, եւ մենք միասին պայքարում էինք ֆաշիստների դեմ։ Արդյունքում Հայրենական պատերազմում հաղթեցին խորհրդային ժողովուրդները՝ ռուսները, հայերը, օսերը, ինգուշները, չեչենները եւ այլն։ Այդ ժամանակ մեր զորքերը մնացին Եվրոպայում։ Հունգարիան, Լեհաստանը, Չեխոսլովակիան, ԳԴՀ-ն եւ այլ երկրներ դարձան բուֆերային պետություններ, որտեղ տեղակայված էին ԽՍՀՄ զինված ուժերը։ Ես, օրինակ, Հունգարիայում եմ ծառայել՝ որպես տանկային գնդի հրամանատար, 93-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատար եւ շտաբի պետ։ 39 տարեկանում այնտեղ ստացա գեներալ-մայորի կոչում՝ սովորելով Վորոշիլովի անվան Գլխավոր շտաբի ակադեմիայում, իսկ հետո տեղափոխվեցի Աֆղանստան՝ նշանակվելով այնտեղ տեղակայված զորքերի շտաբի պետ։ Այդ բուֆերային երկրներին պաշտպանում էին ԽՍՀՄ զինված ուժերը, եւ, միեւնույն ժամանակ, եթե պատերազմ սկսվեր, պատերազմը տեղի էր ունենալու հենց այնտեղ։ Իսկ Խորհրդային Միությունում տեղակայված էին ռազմավարական պահեստազորները։ Բայց, հետո այդ ստոր ու տականք Միխայիլ Գորբաչովի պատճառով մեր զորքերը դուրս բերվեցին Եվրոպայից, իսկ մեր փոխարեն այնտեղ մտավ ՆԱՏՕ-ն, այսինքն՝ մեր հակառակորդը։
Այժմ հակառակորդը սպառնում է անմիջապես Ռուսաստանի քթի տակ։ Խորհրդային Միությունը մահացավ, նրա հանրապետությունները դուրս եկան միությունից, բայց Ռուսաստանի համար դարձան բուֆերային հանրապետություններ, ինչպես Ուկրաինան, Բելառուսը, Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, նաեւ Կենտրոնական Ասիայի երկրները։ Բայց, այս երկրները, լինելով բուֆերային պետություններ, անհրաժեշտ ռազմական պատրաստություն եւ զորք չունեին։ Եվ ՆԱՏՕ-ն սկսեց ներթափանցել այդ երկրներ։ ՆԱՏՕ-ն մտավ Վրաստան, Ուկրաինայում հիմա պատերազմ է ընթանում, որպեսզի այն դառնա ՆԱՏՕ-ական․ մեր ռուս զինվորականները դա դեռ թույլ չեն տալիս։ Բալթյան երկրները ամբողջությամբ ՆԱՏՕ-ի ներքո են, Բելառուսը հազիվ է դիմանում։
Իսկ Հայաստանի համար, որպես բուֆերային երկիր, մենք ժամանակին ստեղծեցինք այն, ինչ անհրաժեշտ էր՝ սեփական զինված ուժեր։ Ես ստեղծեցի ռուսական ռազմաբազան, սահմանապահ զորքեր՝ ընդդեմ ՆԱՏՕ-ի։ Չէ՞ որ Թուրքիան ՆԱՏՕ-ի շունն է Հայաստանի քթի տակ։ Այսպիսով՝ Հայաստանը հետխորհրդային երկներից միակն է, որը լինելով բուֆերային պետություն՝ ուներ բոլոր հնարավորություններն ինքն իրեն պաշտպանելու եւ միաժամանակ՝ պաշտպանելու նաեւ Ռուսաստանին կովկասյան ճակատում։ Դրա արդյունքում Հայաստանը մտավ ԱՊՀ, ՀԱՊԿ։ Սահմանապահ զորքերի պահպանման ֆինանսավորումը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ իրականացվում էր 50/50 հարաբերակցությամբ, իսկ որոշ ժամանակ դրանց անձնակազմը նույնպես համալրվում էր հայ եւ ռուս զինծառայողների համադրությամբ։ Եվ պայմանագրում գրված է, որ ռուսական ռազմաբազան Հայաստանում մնում է 49 տարի՝ մինչեւ 2044 թվականը։ Իսկ այդ ռազմաբազան եւ համատեղ ՀՕՊ համակարգը ստեղծված էին Հայաստանի եւ Ռուսաստանի անվտանգության ապահովման համար։
Մենք ապրում էինք այսպես, բայց Հայաստանում իշխանության եկան այլ անձինք եւ սկսեցին վարել այլ քաղաքականություն։ Դրա հետեւանքով կորցրեցինք Ղարաբաղը, իսկ այժմ սկսել են ՀԱՊԿ-ի դեմ գնալ՝ ռազմաբազայի հեռացման գործընթաց նախաձեռնելով։ Իսկ դա ձեռնտու է ՆԱՏՕ-ին, որպեսզի հետո ՆԱՏՕ-ականները հեշտությամբ մտնեն Հայաստան եւ, ինչպես Ուկրաինային, ներքաշեն պատերազմի մեջ, ամբողջությամբ ոչնչացնեն հայերին եւ շարժվեն դեպի կովկասյան ուղղությամբ։ Այսինքն՝ 102-րդ ռազմաբազայի ստեղծումը պատմական նշանակություն ունեցող երեւույթ էր։ Եվ ես դրա մասին իրավունք ունեմ խոսելու՝ առանց ավելորդ սեթեւեթանքների։
«ՉԵՍ ՈՒԶՈՒՄ՝ ՄԻ՛ ՈՒԶԻՐ, ԲԱՅՑ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԱՅՏԱՐԱՐԻՐ ԱՅԴ ՄԱՍԻՆ»
— Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ՌԴ նախագահի՝ ընդգծել է, որ Հայաստանը չի համարում 102-րդ ռազմաբազայի ներկայությունը կենսական անհրաժեշտություն ու չի առարկի, եթե Ռուսաստանը որոշի այն դուրս բերել ՀՀ տարածքից։ Ի՞նչ կասեք այս մասին։
— Նիկոլ Փաշինյանն ու իր խորհրդարանն ասում են՝ գնացեք գրողի ծոցը, մենք չենք ուզում լինել ՀԱՊԿ անդամ, չենք ուզում ունենալ ռազմաբազա։ Գուցե շուտով ասեն՝ չենք ուզում լինել նաեւ ԱՊՀ-ում։ Դե, իրեն էլ ասում են՝ չես ուզում՝ մի՛ ուզիր։ Ինքն էլ ասում է՝ չեմ ուզում։ Բայց եթե չես ուզում, ապա պաշտոնապես հայտարարիր այդ մասին հետեւյալը. «Ես, քանի որ իմ անվտանգությունն ապահովում եմ անձամբ, ինչպես նաեւ միջազգային օրենքներով, խնդրում եմ՝ ինձ հեռացնել ՀԱՊԿ-ի կազմից, այդ թվում՝ որտեղից էլ ուզեմ»։ Բայց նա այդ քայլին չի դիմում, այլ պարզապես ելույթներ է ունենում։ Իսկ վաղը, եթե նա, իսկապես, հեռանա եւ ինչ-որ Թուրքիա-մուրքիա կամ որեւէ մեկը հարձակվի, այն ժամանակ կասի՝ «Տեսնո՞ւմ եք, ռուսներն ինձ նեղացրին, ռուսներն են մեղավոր»։ Բայց, այլեւս հիմարներ չկան, որ, ինչպես Ղարաբաղի դեպքում, ասեն՝ ռուսներն են մեղավոր, ու դա անցնի։ Ռուսներն էլ, իհարկե, այնտեղ ինչ-որ բան այն չարեցին, բայց հիմնականում մեղավոր է Հայաստանն՝ իր խորհրդարանով՝ ձեր վարչապետի գլխավորությամբ։
Ռազմաբազան հեռացնելը կամ վտարելը ու ՀԱՊԿ-ից դուրս գալը՝ Հայաստանի ոչնչացման պայմանների ստեղծման ծրագիր է, որը հնարավորություն կտա այնտեղ ներթափանցել Ադրբեջանի զինված ուժերին՝ Թուրքիայի աջակցությամբ։ Հենց այդպես, որովհետեւ Ադրբեջանն արդեն հարյուր տարի է, ինչ ծրագրել էր գրավել Ղարաբաղը, հետո՝ Զանգեզուրը, միանալ Նախիջեւանին եւ առաջ շարժվել դեպի Երեւան։ Բայց մենք 1992-95 թվականներին ստեղծեցինք բանակ, ոչնչացրինք այդ ծրագրերը, թույլ չտվեցինք դա անել եւ ազատագրեցինք տարածքներ։ Մինչդեռ հիմա Ադրբեջանը նորից շարունակում է իր այդ ծրագիրը, որովհետեւ Հայաստանում իշխանության են նշանակել իրենց մարդուն։ Արդեն Ղարաբաղը վերցրել են, 200 քառ․ կմ հայկական տարածք գրավել են, վաղը կգրավեն Զանգեզուրն ու կմիանան Նախիջեւանին, հետո կգնան Երեւանի ուղղությամբ։
«ՁԵԶ ՊԱՐԶԱՊԵՍ «ԽԺՌԵԼՈՒ ԵՆ»
— Կարծում եք՝ Հայաստանի ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության հետեւանքով երկիրը կարող է դառնալ արտաքին ուժերի՝ մասնավորապես Թուրքիայի, Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի աշխարհաքաղաքական ծրագրերի գործի՞քը։
— Այո՛, եւ դրան էր միտված նաեւ այն, որ լուծարեցին Սփյուռքի նախարարությունը՝ խզելով միլիոնավոր հայերի կապը Հայաստանի հետ։ Ամեն ինչ արվում է ըստ հերթականության։ Հիմա հերթը ՀԱՊԿ-ից դուրս գալն է, իսկ հետո քանդելն ամբողջ պաշտպանական համակարգը, բանակն արդեն ճնշված ու տրորված է։ Ձեզ պարզապես «խժռելու են»։
Այս պատճառով է, որ Ռուսաստանը դաշնակցի դիրքերից բացասական վերաբերմունք է ցուցաբերում եւ Հայաստանի առաջ պայմաններ է դնում։ Ուրիշ ի՞նչ պետք է աներ, եթե Հայաստանում կա ծրագիր Ռուսաստանին Կովկասից դուրս մղելու, իսկ դա ՆԱՏՕ-ի եւ Թուրքիայի ծրագիրն է։ Նրանք բոլոր կողմերից շրջապատել են Ռուսաստանին, ուզում են խեղդել։ Ով հայտնվում է նրանց ճանապարհին, նրան ոչնչացնում են՝ ինչպես Ուկրաինային, Վրաստանին։
Հիմա հերթը Հայաստանինն է։ Ահա եւ վերջ։ Այսօր իշխանության են մարդիկ, որոնք հատուկ պատվիրակվել են, որպեսզի Հայաստանը վերածեն «չմոյի»։ Իսկ հետո կանհետանան։ Հայ ժողովուրդն էլ, ինչպես իմ ծնողները, կդառնան գաղթական, որոնք թողել էին իրենց տունը Մուշում, Կարսում եւ Արեւմտյան Հայաստանի այլ քաղաքներում ու գյուղերում, կորցրել շուրջ 450 հազար քառ․կմ տարածք։ Այդպես եղավ նաեւ Ղարաբաղում, որը հայերն ամբողջությամբ թողեցին ու լքեցին։
Հիմա մեզ մնացել է մի կտոր հող՝ Հայաստան անունով, որը Խորհրդային Միության տարիներին ապրում էր ու ծաղկում, հետո անկախության տարիներին էլ, կարծես, վատ չէր ապրում։ Այժմ իշխանության են եկել մարդիկ, որոնք ասում են, թե Հայաստանը հայտնվել է փակուղում՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ։ Իսկ նրանք երկու պետություն են՝ մեկ ազգ, ինչպես Ալիեւն էր ասում։ Հասկացե՛ք՝ դուք պատերազմական վիճակում եք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Դուք լուծարեցիք Սփյուռքի նախարարությունը եւ խզեցիք կապը 8 միլիոնանոց Սփյուռքի հետ։ Դուք քայքայեցիք սպայական կազմի հեղինակությունը եւ քանդում եք բանակը։ Դուք արդեն կորցրել եք Ղարաբաղը։ Այսքանից հետո՝ ձեզ վրա նույնիսկ «բոմժը» կարող է հարձակվել։
«ՇԱՏ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ԵՔ ԳՏՆՎՈՒՄ»
— Ձեր կարծիքով, այնուամենայնիվ, Ռուսաստանը կարո՞ղ է հեռանալ Հարավային Կովկասից, եթե այսպես շարունակվի…
— Ասեմ, որ Ռուսաստանի վարած քաղաքականությունն էլ ինձ դուր չի գալիս, երբ ասում են՝ դե, եթե չես ուզում մնալ, հեռացիր։ Դա սխալ է։ Ռուսաստանն այսքան խորությամբ չի մտածում, որքան ես հիմա ձեզ պատմեցի։ Նա այդքան խորությամբ չմտածեց Վրաստանի մասին, եւ արդյունքում Վրաստանը գնաց դեպի ՆԱՏՕ։ Նույն կերպ նա խորությամբ չէր մտածել Ուկրաինայի մասին։ Հետո, սակայն, ուշքի եկան։ Այնտեղ ռուս ժողովուրդն էր ոչնչացվում՝ ԼԺՀ-ում եւ ԴԺՀ-ում։ Ռուս ղեկավարների մեջ միայն ընկեր Պուտինը գտնվեց, որը սկսեց պաշտպանել այնտեղ գտնվող ժողովրդին։ Իսկ Ուկրաինան դարձել է երկրորդ գերմանական պետություն, որտեղ նացիստներ են։ Ո՞վ է Ուկրաինային ամենաշատ օգնությունը ցուցաբերում, իհարկե՝ Գերմանիան։ Մյուսները ստից-մտից են աջակցում։ Օրինակ, Միացյալ Նահանգներն, ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ էր օգնում ե՛ւ այս, ե՛ւ այն կողմին, այդպես էլ հիմա է անում։ Պոռնիկ երկիր է։
Իսկ Հայաստանն ինչո՞վ է զբաղված, գոնե բարեկամանար հարեւան Իրանի ու Վրաստանի հետ, պաշտպանվեր՝ մտնելով անգամ Ռուսաստան-Բելառուս Միութենական պետության կազմի մեջ։ Ես բազմիցս ասել եմ՝ մտեք այդ Միութենական պետության մեջ, դուք միջուկային զենք կստանաք, հակառակ դեպքում՝ ձեզ կոչնչացնեն։ Դուք մենակ եք մնացել այս աշխարհում։ Նայեք Բելառուսին, մտավ Միութենական պետության կազմի մեջ եւ ունեցավ տակտիկական միջուկային զենք, նրա վրա երբեք ոչ մեկ չի հարձակվի։ Կամ, նայեք Հյուսիսային Կորեային, որը նույնպես ունի միջուկային զենք։ Ո՞վ կհամարձակվի հարձակվել․ նա ամբողջ Ամերիկայի ափամերձ հատվածը կջարդի, Հարավային Կորեան էլ հետը։
Իսկ Դուք՝ խեղճ հայ ժողովուրդ ջան, շատ վտանգավոր քաղաքական իրավիճակում եք գտնվում։ 30 եւ ավել տարիներ առաջ ինձ հրավիրեցին Հայաստան։ Մենք Աստծո կամոք բանակ ստեղծեցինք եւ թույլ չտվեցինք տեղի ուենա այն, ինչ տեղի է ունենում հիմա։ Տեսեք, դեռ այն ժամանակ, ինչպիսի ռազմավարական գիտելիքներ ունեինք, որ կարողացանք ազատագրել Ղարաբաղը, պահպանեցինք մեր սահմանները, չքանդեցինք մեր երկիրը եւ հայերը նորից ցեղասպանության չենթարկվեցին, ու Երեւանն այսօր ապրում է։ Եվ հանկարծ այս ամենը հանձնվում է, տրվում է, նահանջ է կատարվում, պատրաստվում է երկրորդ սերիան՝ հակառակորդի կողմից վերջնական գրավման համար։
Թուրքիան, ինչպես եղել է թիվ մեկ թշնամի, այդպես էլ մնում է։ Սրիկա Ադրբեջանը Թուրքիայի ամենաառաջավոր ջոկատն է, Թուրքիայի զինված ուժերը ԱՄՆ-ից հետո երկրորդ ամենահզոր ՆԱՏՕ-ական բանակն է։ Իսկ Հայաստանին քաշքշում են այս ու այն կողմ։ Անգամ Թրամփն է այս ամենում ներգրավված, «Թրամփի ճանապարհ»-ով նրանք ուզում են այստեղ մտնել, որպեսզի ճնշեն Իրանին։ Բայց, կեցցե՛ Իրանը։ Բարձրակարգ պետություն է։ Ահա այդպես պետք է պաշտպանել երկիրդ։ Նա հարվածում է ամերիկյան ռազմաբազաներին՝ ԱՄՆ-ին ուղարկելով «գրողի ծոցը»։ Նման կերպ պետք է գործել թշնամու նկատմամբ։
Մեր հայկական բանակի սպաներ էլ էին բարձրակարգ մասնագետներ։ Նրանք կռվել են 1992-95 թվականներին, եւ 44 օրյա պատերազմի ժամանակ էլ կռվեցին։ Միայն թե նրանց արգելում էին որոշ խնդիրներ կատարել։ Նրանց վատ էին կառավարում, միտումնավոր չէին տալիս այն, ինչ անհրաժեշտ էր։ Մտածված դավաճանեցին։ Այո՛, ձեր ղեկավարները դավաճանեցին հայկական բանակին։ Այդ մարդկանց դուք պետք է… պատժեք։ Դուք դիպաք իմ հոգուն, թեեւ ես այլեւս Հայաստանի բնակիչ չեմ։
Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com
դեպի ետ