 29.10.2015
				29.10.2015
				ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ (Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա)
ԱՌԱՋԱԲԱՆ
Սառը պատերազմի կանոններով ընթացող արդի քաղաքական-հասարակական գործընթացների իրողություններում ցանկացած հանրության անվտանգության գրավականն էապես պայմանավորված է տվյալ հանրության մտավոր և լայն առումով՝ ստեղծագործական ռեսուրսներով։ Միայն այդ ռեսուրսների առկայության և դրանց համապատասխան կազմակերպման պարագայում է հնարավոր ադեկվատ ընկալել ներկայիս բազմաչափ և հաճախ քաոտիկ բնույթ կրող մարտահրավերների օրինաչափությունները և մշակել ու իրագործել համապատասխան ռազմավարություններ, պատասխան գործողություններ։ Իր հերթին, մտավոր ռեսուրսներ հասկացությունը խիստ ընդգրկուն է և ներառում է կառավարման, գիտակրթական, հոգևոր-մշակութային և այլ ոլորտներ։ Այդ ընդհանրական համակարգում իրենց ուրույն տեղն ունեն այն հետազոտական կենտրոնները, որոնք կոչված են կիրառական բնույթի մշակումներով անմիջական մասնակցություն ունենալ վերը նշված ռազմավարությունների մշակման և իրականացման գործին։ Համաձայն ամերիկյան ավանդույթի (որտեղ ձևավորվել են առաջին նման կենտրոնները)՝ դրանք ընդունված է անվանել think tank-եր կամ «ուղեղային կենտրոններ» (ՈւԿ)։ Հատկանշական է, որ ՈՒԿ-ները հաճախ բնորոշում են որպես «մտքի ֆաբրիկաներ», «ազգային շահեր արտադրող» կամ «գաղափարախոսություն ստեղծող» կազմակերպություններ։ Համաձայն դեռևս նախորդ դարի կեսերին տրված ձևակերպման՝ կայացած ՈւԿ-ները պետք է կապող օղակ հանդիսանան ակադեմիական-համալսարանական գիտական հանրության և այսպես կոչված «որոշումներ ընդունողների»՝ իշխանության միջև1։ Հատկանշական է, որ ներկայում ընթացող բազմակենտրոն աշխարհակարգի ձևավորումն ուղեկցվում է նման կառույցների քանակի շեշտակի աճով, իսկ առաջատար երկրներում (օրինակ՝ Չինաստանում) անգամ ընդունվում են հատուկ պետական որոշումներ և ծրագրեր նոր ՈւԿ-ների ստեղծման և դրանց զարգացման վերաբերյալ։
Վերոնշյալից հետևում է, որ երկրների ներուժի լիարժեք գնահատումը, դրանց այսպես կոչված աշխարհաքաղաքական կամ աշխարհատնտեսական «կոորդինատների» հաշվարկումը ենթադրում են նաև համակարգված և վերլուծված տեղեկատվություն տվյալ երկրի ՈւԿ-ների համակարգի վերաբերյալ։ Ամենևին պատահական չէ, որ սկսած 2009 թվականից՝ ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանը պարբերաբար հրապարակում է այն ՈՒԿ-ների գլոբալ վարկանիշը («The Think Tank Index»), որոնք զբաղվում են հանրային քաղաքականության, տնտեսության, սոցիալական, անվտանգության ոլորտների և այլ հետազոտություններով2։ Նկատենք, որ նմանատիպ հետազոտություններ սկսել են իրագործել նաև Ռազմավարական հետազոտությունների Ռուսաստանյան ինստիտուտը (РИСИ) և մի շարք այլ հետազոտական կենտրոններ։ Այսինքն՝ կարելի է ամրագրել, որ ՈւԿ-ների վերաբերյալ տեղեկատվության համակարգումը և դրանց գործունեության ուսումնասիրությունը դարձել են ակտուալ խնդիր ազգային անվտանգության համատեքստում։
Միևնույն ժամանակ, հայտնի է, որ տեղեկատվական ներկա (արդեն հինգերորդ) հեղափոխության պայմաններում շեշտակիորեն աճել են տեղեկատվական հոսքերը, և այսօր նման մեծ ծավալներով տեղեկատվության օբյեկտիվ վերլուծությունը դարձել է լրջագույն հիմնախնդիր։ Հավելենք նաև, որ «սառըպատերազմյան» արդի իրողություններում վարկանիշային ցուցակներն օգտագործվում են նաև պրոպագանդիստական-մանիպուլյացիոն նպատակներով։ Այդ պատճառով վերոնշյալ «The Think Tank Index»-ը կամ այլ հետազոտությունները միշտ չէ, որ անկանխակալ և լիարժեք են արտացոլում տարբեր տարածաշրջաններում գործող բազմաթիվ ՈւԿ-ների գործունեությունը։ Այս հանգամանքը վերաբերում է նաև այն ՈւԿ-ներին, որոնք իրենց գործունեությունը ծավալել են մեր հարևան երկրներում՝ Վրաստանում, Ադրբեջանում և Թուրքիայում։ Թերևս, կասկած չի հարուցում նաև այն փաստը, որ բավական բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում գտնվող Հայաստանի (ՀՀ և ԼՂՀ) ռազմաքաղաքական և վերլուծաբանական հանրության համար հարևանների ՈւԿ-ների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը կարող է օգտակար լինել և կիրառական նշանակություն ունենալ։
Ելնելով վերոնշյալ հանգամանքներից՝ ընթերցողին ներկայացվող աշխատությունում փորձ է արվել համակարգված ներկայացնել Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ՈՒԿ-ների ու նմանատիպ հետազոտական կենտրոնների ստեղծման և զարգացման նախադրյալները, ռազմավարական առաջնահերթությունները, այդ կենտրոնների պետական, գիտական և միջազգային կառույցների հետ ունեցած կապերը և այլն։ Նախագիծն իրագործել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի և ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետներից կազմված համատեղ խումբը, և աշխատանքներն այս ուղղությամբ շարունակական բնույթ են կրելու։
1 Арутюнян Гагик, Распад «системы» и формирование будущего, НОФ «Нораванк», Ереван, 2011, Գագիկ Հարությունյան, «Ուղեղային կենտրոնները» և ազգային անվտանգությունը, «21-րդ ԴԱՐ», #1 (35), էջ 5, 2011։
2 http://www.scribd.com/The-Think-Tanks-and-Civil-Societies-Program/d/26565307.
Գ.Հարությունյան
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի ղեկավար
Ա.Սիմավորյան
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի
«Ազգային անվտանգության հետազոտություններ» ծրագրի տնօրեն
Վ.Աթոյան
 
 


 ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ (Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա) (9.69MB)
 ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ (Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա) (9.69MB)


