26.02.2026ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՆ ԱՄԵՆԱՖԱՆՏԱՍՏԻԿ ՇՐՋԱԴԱՐՁԵՐԸ
Այս օրերին համաշխարհային օրակարգից այդպես էլ չիջնող (Տես նաեւ https://iravunk.com/?p=335121&l=am), Իրանի դեմ հնարավոր պատերազմի թեմային զուգահեռ, ավելի ճիշտ` դրա «տակից» զարգանում է մեկ գործընթաց, որը կարող է անգամ իրանական թեմայի ողջ շքեղությունը խամրեցնել: Այն է, Իսրայելում շարունակում է ակտիվորեն խորանալ թեման, թե իրականում Իրա՞նն է իրենց թիվ 1 թշնամին, թե՞ պետք է այլ ուղղությամբ կենտրոնանալ: Խոսքը` Թուրքիայի մասին է, որն ակնհայտորեն գնալով ավելի ու ավելի է առաջին պլան փորձում մղվել` Իսրայելի թիվ 1 թշնամու դերում:
Ավելին, իսրայելյան մի շարք շրջանակներ սկսել են ակտիվորեն բարձրաձայնել, որ Իրանի հետ կապված այս աղմուկի հիմնական շահառուն, առավել եւս, եթե բանը հասնի Թեհրանի եւ Թել Ավիվի նոր բախմանը, լինելու է հենց Թուրքիան: Ընդ որում` մի քանի առումներով: Ամենագլխավորը. պատերազմը խոստանում է ծանր կորուստներ ինչպես Իրանին, այնպես էլ` Թեհրանին: Ու սրանից բխող տրամաբանությունը պարզ է. երկուսն էլ Թուրքիայի տարածաշրջանային հակառակորդն են, այսինքն, որքան երկուսի գործերը վատ գնան, շահելու է Թուրքիան: Առավել եւս, որ Անկարան սկսել է իրեն դրսեւորել ոչ թե ՆԱՏՕ-ում ամեն բանով ԱՄՆ-ին լսող «փոքր եղբայր», այլ բացահայտորեն առաջ է տանում տարածաշրջանային բնույթի ռազմական բլոկ ստեղծելու աշխատանքներ, որոնք, ի դեպ, հասնում են եզրափակիչ փուլին:
Իսրայելի համար հատկապես վտանգավոր տեսք է ստացել Անկարայի եւ Իսլամաբադի միջեւ ռազմավարական մերձեցումը: Առավել եւս, երբ նաեւ իսրայելյան աղբյուրները սկսել են ակտիվորեն խոսել, որ Թուրքիան մեծ հավանականությամբ արդեն հասցրել է Պակիստանից միջուկային զենք ստանալ, քանի դեռ Իսրայելը մի ամբողջ պատերազմ է սարքում Իրանի երեւակայական միջուկային ծրագրի դեմն առնելու համար: Ընդ որում, արտգործնախարար Ֆիդանի վերջերս հնչեցված հայտարարությունը, որ Թուրքիան կարող է նախաձեռնել սեփական միջուկային ծրագիրը, իսրայելյան փորձագիտական շրջանակներում գնահատեցին` որպես արդեն իսկ ունեցած զենքը «օրինականացնելու» միջոց:
Այս ֆոնին սկսել է բավականին հետաքրքիր տարածաշրջանային նոր դաշինքների ձեւավորման գործընթաց: Այն է` ի պատասխան ԹուրքիաՊակիստան գործակցության, որի մեջ, ըստ իսրայելյան որոշ փորձագետների, անպայմանորեն տեղավորվելու է նաեւ Ադրբեջանը` անկախ Թել Ավիվի հետ հարաբերություններից, բավականին հեռանկարային տեսք է ստացել Իսրայել-Հնդկաստան համագործակցությունը, հաշվի առնելով, որ թուրք-պակիստանյան հարաբերությունները խորը մտահոգություններ են առաջացնում նաեւ Նյու Դելիում:
«Արեւելյան Միջերկրական ծովում եւ Մերձավոր Արեւելքում Թուրքիայի աճող դերի ֆոնին Իսրայելը քայլեր է ձեռնարկում նոր տարածաշրջանային ռազմական դաշինք ստեղծելու ուղղությամբ: Նախաձեռնությունը դիտվում է որպես կոլեկտիվ անվտանգության համակարգ ստեղծելու փորձ, որը կարող է միաժամանակ հավասարակշռել մի քանի ուժի կենտրոններ: Այս կոնֆիգուրացիան, որը պայմանականորեն նկարագրվում է որպես Միջերկրածովյան-Հնդկաստանի պայմանագիր, տրամաբանորեն հիշեցնում է ռազմաքաղաքական դաշինք»,- իրավիճակը գնահատում է փորձագիտական աղբյուրը։ Նաեւ նշելով, որ նման դաշինքների ձեւավորումը արտացոլում է համաշխարհային համակարգի լայն վերափոխումը. եղած համաշխարհային անվտանգության ճարտարապետությունը թուլացել է, որը դրդում է տարբեր ուժերին` անվտանգային խնդիրները լուծել տարածաշրջանային ուժի կենտրոնների ձեւավորմամբ:
Ու որքան էլ այս պահին աբսուրդային հնչի, մի շարք ոչ երկրորդական փորձագետներ սկսել են ակնարկել, որ իրականում Իրանն ու Իսրայելը կարող է եւ, հաշվի առնելով յուրաքանչյուրի տարածաշրջանային շահերը, հայտնվեն բարիկադների նույն կողմում: Ընդ որում, եթե անգամ ոչ դաշնակցի տեսքով, այլ առնվազն գործակցության մակարդակով` ընդդեմ ավելի վտանգավոր հակառակորդի: Եվ սպասելի բոլոր հեռանկարները հաշվի առնելով, որքանո՞վ է «Իսրայելի շահերին համապատասխանում Իրանին հասցվելիք հարվածը, որից հիմնական օգտվողը դառնալու է Անկարան»,- գրում է իսրայելյան փորձագետը: Նաեւ մատնանշելով, որ Անկարայի շահերից է բխում նաեւ, եթե ԱՄՆ-ն, որպես Իրանի դեմ հաղթանակի ապահովման գործոն, հասնի «Թրամփի ուղու» գործարկման, որը, խոշոր հաշվով, ամենամոտ ապագայում դառնալու է «Թյուրքական միջանցքի» մասնիկ: «Այս իրավիճակում ավելի ճիշտ չէ՞ մտածել նաեւ Իսրայելի քայլերի կտրուկ շրջադարձի մասին`Արեւելք-Արեւմուտք ուղղությունից դեպի Հյուսիս-Հարավ: Այստեղ, ճիշտ է, դրված է Հնդկաստան-Իրան-Ռուսաստան գործակցության գաղափարը, բայց եթե դրված է Հնդկաստանի հետ դաշինքի գաղափարը, ապա նոր կոնֆիգուրացիաներն արդյոք ավելի իմաստալից չե՞ն դառնում»,- ամփոփում է փորձագետը:
Կարճ ասած, ամեն բան ակնարկում է, որ Մերձավոր Արեւելքում սկսվում է դասական շահերի եւ հարբերությունների վերաձեւավորման խորը եւ երկարաժամկետ գործընթաց:
դեպի ետ