19.03.2026ՆՈՐ «ՊՈՏՍԴԱՄԻ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ» ՉԷ՞ ԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՄԵՆԱԽՈՐՔԱՅԻՆ ԻՄԱՍՏԸ
Իրանի շուրջ ներկա պահին ստեղծված իրավիճակը, իհարկե, մեկ էական հարց եւս առաջ է բերում, առանց որի դժվար է հասկանալ, թե «ով ում բարեկամն է»: Այն է` ո՞ւմ եւ ինչո՞վ է ձեռնտու նման իրավիճակը:
Ռուսաստանի համար, իհարկե, այս պահին շահեկան իրավիճակ է ստեղծվում: Նախ, նավթի բարձր գները, ինչպես Զելենսկին է համոզված, արդեն 10 միլիարդ դոլարի հավելյալ օգուտ է բերել Մոսկվային, եւ դա, ըստ ամենայնի, դեռ երկար կարող է շարունակվել: Հաջորդն այն իրավիճակն է, որը ստեղծվել է ՆԱՏՕ–ի ներսում եւ կարող է միայն խորանալ: Եթե դեռ 2022թ.–ին Մոսկվայի հիմնական խնդիրն էր, որ Ուկրաինային չվերցնեն ՆԱՏՕ, ապա հիմա ընդհուպ` ՆԱՏՕ–ի լինել–չլինելն է հարցականի տակ մտնում, էլ ուր մնաց, թե Ուկրաինային վերցնեն: Եթե բանը հասել է նրան, որ Մակրոնը նորից պատվիրակություն է ուղարկում Մոսկվա, խնդրում, թե ինչ կլինի, մեզ էլ թողեք մասնակցենք ուկրաինական բանակցություններին, իսկ ռուսները ֆրանսիական պատվիրակներին ձեռնունայն տուն են ճամփում, ապա դա արդեն իսկ հուշում է, որ միանգամայն խորքային գործընթացներ են եռում:
Բացի այդ, ԱՄՆ–ն այն արագությամբ է սպառում իր զինապաշարները եւ այն դանդաղությամբ կարող է պահեստները նորից լցնել, որ այս իրավիճակը կարող է առանց ռազմական մատակարարումների թողնել ինչպես Եվրոպային, այնպես էլ նրա միջոցով Ուկրաինային: Ուկրաինական ռազմաճակատներում հիմա հալոցների ժամանակաշրջանն է, կա ռազմական ակտիվության էական անկում: Ռուսներն էլ նոր վերախմբավորումների փուլում են` պատրաստվելով գարուն–ամառային կոմպանիային: Այսինքն, այս մի քանի շաբաթներին, ըստ ամենայնի, ամերիկյան ռազմապաշարների հյուծվածության հարցը կարող է իր ամենաուղիղ էֆեկտն ունենալ ուկրաինական պատերազմի ընթացքի վրա: Էլ չասած Իրանի այն սպառնալիքների մասին, որ նաեւ Ուկրաինային է պատրաստվում հրթիռային հարվածներ հասցնել, որի հնարավորությունն ունի:
Վերջապես, ինչպես նաեւ արեւմտյան հեղինակավոր աղբյուրներն են սկսել խոսել, Մոսկվան ներկա պահին Վաշինգտոնի համար լավագույն, եթե ոչ միակ միջնորդն է այս իրավիճակից ելքի հարցում: Այսինքն, Ռուսաստանը պահպանում է ԱՄՆ–ի հետ բանակցային խողովակները, ունի սերտ հարաբերություններ Իրանի հետ (այն կարգի, որ տարածվել են խոսակցություններ, որ վիրավորում ստացած Իրանի նոր Գերագույն առաջնորդը` Մոջթաբա Խամենեին գաղտնի տեղափոխվել եւ բուժվում է Մոսկվայում): Ընդ որում, պահպանելով նաեւ ԱՄՆ–ի եւ Չինաստանի միջեւ լավագույն միջնորդի կարգավիճակը: Կարճ ասած, որքան Թրամփի վիճակը վատանա Իրանի հարցում, այնքան ամրանալու են Մոսկվայի աշխարհաքաղաքական դիրքերը:
Չինաստանի համար եւս իրավիճակը նպաստավոր է: Եթե Իրանը մասնավորապես Պեկինի օգնությամբ կարողանա դիմակայել, ապա Չինաստանը Մերձավոր Արեւելքում կստանձնի աշխարհաքաղաքական թիվ մեկ դերակատարի ֆունկցիան` փոխարինելով ԱՄՆ–ին: Իսկ թե դա ինչ աշխարհաքաղաքական տեկտոնիկ տեղաշարժ է նշանակում, թերեւս անգամ մեկնաբանելու կարիք չկա: Ընդ որում, գոնե այս պահին Չինաստանն անգամ չի զգում նավթի համաշխարհային գների աճը, դեռ մի բան էլ հակառակն է: Չինական նավերն ունեն Հորմուզի նեղուցն անցնելու հնարավորությունը: Ընդ որում, ներկա պահին արաբական երկրները, այլեւս չունենալով պահեստավորման միջոցներ, նեղուցից այն կողմ նավթը վաճառում են «կոպեկներով», ու չինացիները միակ գնորդներն են:
Եվրոպայի համար ներկա իրավիճակը զարգանում է կատաստրոֆիկ սցենարով: Հորմուզի նեղուցը եվրոպացիների համար անորոշ ժամանակով փակ է մնում: Այսինքն, արդեն այս պահին առկա համաշխարհային դեֆիցիտը միայն խորանալու է: Դա, բնական է, տանելու է գների հետագա թանկացման: Մի շարք գնահատումներով, ներկա իրավիճակում նվազագույն շեմը կարող է դառնալ 150 դոլարը` մեկ բարելի համար: Գումարած դրան Ռուսաստանի հետ հակասությունները, ինչպես նաեւ, որ կարող են ԱՄՆ–ից նավթ գնել բացառապես համաշխարհային գներով: Կդիմանա՞ նման հարվածին եվրոպական տնտեսությունը, որն առանց այդ էլ ռեցեսիոն վիճակին շատ մոտ էր. ամեն դեպքում, հարվածը շատ ցավոտ է լինելու: Կարճ ասած, հաստատ իրանական պատերազմից հիմնական տուժողներից մեկը հենց Եվրոպան է լինելու:
Ինչ վերաբերում է ԱՄՆ–ին, ապա, չնայած ընդհանրական բացասական դինամիկային, իրականում իրավիճակը նաեւ Վաշինգտոնի համար կարող է ձեռնտու ընթացք ունենալ: Ամենահնարավոր տարբերակներից մեկն է թուլացող Եվրոպայի նկատմամբ ԱՄՆ–ի բացարձակ, մոնոպոլիստականի կարգի շատ հնարավոր դարձած վերահսկողությունն է լինելու: Ընդ որում` ազատվելով նաեւ բալաստի վերածված ՆԱՏՕ–ից: Այն, որ արդեն այս պահին Թրամփը խոսում է նաեւ Կուբայի հետ «լավ գործարքից», գալիս է հուշելու, որ ԱՄՆ–ի հետաքրքրությունների մեջ է մնում նաեւ ողջ ամերիկյան աշխարհամասում վերահսկողությունը: Իսկ այդ դեպքում Վաշինգտոնի համար կարող է նաեւ քիչ հետաքրքիր դառնալ մշտապես անհանգիստ, միայն նորանոր ծախսեր պահանջող Մերձավոր Արեւելքը:
Արդյունքում, իրանական պատերազմի ներկա ընթացքը, թերեւս, էլ ավելի իրատեսական է դարձնում ԱՄՆ–Չինաստան–Ռուսաստանի միջեւ նոր «Պոտսդամի կոնֆերանսի» եւ աշխարհի վերաբաժանման տարբերակը: Իսկ դա նաեւ այն ֆանտաստիկ մտքին է տանում, թե արդյոք իրականում դա չէ՞ր Իրանում այս պատերազմի հիմնական, ամենախորքային իմաստը:
դեպի ետ