02.04.2026ՆԵԹԱՆՅԱՀՈՒՆ ՓՈՐՁՈՒՄ Է ԲԻԲԼԻԱԿԱՆ ՍՑԵՆԱՐՆԵՐՈ՞Վ ՔՈՂԱՐԿՎԵԼ
Այսպիսով, լրացավ իրանական պատերազմի մեկ ամիսը: Արդեն ակնհայտ է, որ բացի բուն ռազմական գործողություններից, պատերազմը ջրի երես հանեց նաեւ մի շարք խորքային գործոններ, որոնք վերաբերում են ոչ միայն տարածաշրջանային, համաշխարհային կամ աշխարհաքաղաքական թեմատիկային ու հետագա զարգացումներին, այլ նաեւ որոշ դեպքերում, առանց չափազանցության, ունեն բիբլիական իմաստ: Ու հենց այս վերջին դրվագն է, որ բոլորովին այլ իմաստ է դնում ներկա պահին Մերձավոր Արեւելքում` առնվազն երեք համաշխարհային նշանակություն ունեցող կրոնների ձեւավորման գոտում ի հայտ եկող իրողությունների վերաբերյալ:
ՈՐՆ Է ԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՏՃԱՌԸ
Այսպիսով, ո՞րն էր իրանական պատերազմի պատճառը:ԱՄՆ–ի եւ Իսրայելի ներկայացմամբ, հիմնական նպատակն է` թույլ չտալ, որ Իրանը ստեղծի միջուկային զենք: Հետո դրան ավելացրին, որ Իրանը պետք է հրաժարվի նաեւ հրթիռային սպառազինությունից:
Պատերազմի ընթացքում եւ հատկապես վերջին օրերին Թրամփն ավելի ու ավելի բացահայտ է խոսում մեկ այլ, շատ ավելի առաջնային նպատակի մասին: Նա ցանկանում է վերահսկողության տակ վերցնել Իրանի նավթը, այնպես, ինչպես եղավ Վենեսուելայի պարագայում: Հեռահար նպատակով` հարվածել Չինաստանի եւ Եվրոպայի տնտեսությանը:
Փորձագիտական հանրությունը մեկ այլ նպատակ էլ է մատնանշում` «մեծ Իսրայելի» ստեղծման գաղափարախոսությունը: Այսինքն, որ այս պատերազմի միջոցով Իսրայելին ազատում են տարածաշրջանային առանցքային, ռեալ ռազմական պոտենցիալ ունեցող ուժերից: Սխեման սա է. արաբական պետությունների պես Իրանին եւս պետք է դարձնել անատամ մանկլավիկ: Հետո կգա Թուրքիայի հերթը: Այս ամենի արդյունքում Իսրայելը կդառնա տարածաշրջանի միակ ռեալ ռազմական ուժը եւ հանգիստ տարածաշրջանը կվերաձեւի իր քիմքին համապատասխան:
Եթե ավելի ռեալ գնահատենք, ապա ակնհայտ է, որ թվարկված սցենարները ոչ միայն իրար չեն հակասում, այլ փոխլրացնող են: Այսինքն, սկսվում է Իրանին ծայրահեղ թուլացնելուց, դա բերում է երկրի եւ նրա ածխաջրածնային պաշարների վերահսկողությանը` Չինաստանին եւ Եվրոպային ճնշելով հանդերձ: Թերեւս դրանից հետո անմիջապես էլ հերթը կհասնի Թուրքիային, որն Իրանի անկման դեպքում հազիվ թե լուրջ դիմադրութուն կարողանա ցուցաբերել, առավել եւս, որ Էրդողանը մնում է չափազանց խոցելի վիճակում: Ու դրանից հետո, ինչպես ասում են, «դաշտը կմնա կտրիճներին»:
Սակայն այս ֆոնին մեկ այլ նրբերանգ եւս աստիճանաբար տեսանելի դարձավ` բիբլիականը: Այն, որ այս բոլոր ծրագրերի տակ Իսրայելը` Նեթանյահուի վարչախումբը, փորձում է կրոնական «հիմնավորում» դնել, դա հատկապես վերջին ժամանակներս գնալով բացահայտ դարձավ: Այսինքն, Աստված է իր «ընտրյալ ժողովրդին» խոստացել այս բոլոր տարածքների նկատմամբ տիրապետությունը, ու հիմա Նեթանյահուն ընդամենը Աստծո պատգամը կատարողն է` մերօրյա Մովսեսը: Ընդ որում, «Մեծ Իսրայելի» ստեղծման կարեւոր կրոնական այլ մարգարեություններ էլ կան` Սողոմոնի տաճարի վերականգնումն ու Մեսիայի հայտնվելը: Եվ, հիշեցնենք, որ ինչպես Նեթանյահուն ու նրա թիմակիցները, այնպես էլ ԱՄՆ պատերազմի նախարարն այս ամենի մասին խոսում են բացահայտորեն, թե` արդեն ժամանակն է: Մինչդեռ Սողոմոնի տաճարի վերականգնման համար նախ պետք է քանդել իսլամը եւ քրիստոնեությունը: Իսլամի պարագայում հիմնական հարվածն ուղղված է Ալ–Աքսա մզկիթային համալիրին, որը, ըստ ավանդության, կանգնած է Սողոմոնի տաճարի վրա: Քրիստոնեության պարագայում պետք է հարվածել Երուսաղեմի Տիրոջ Գերեզմանի տաճարին, որը` քրիստոնեության այդ գլխավոր սրբավայրը, հիշեցնենք, Տեր Հիսուսի գերեզմանի վայրում է:
Այս առումով պատահակա՞ն էր, որ Իսրայելի իշխանություններն արգելեցին հավատացյալների մուտքն ԱլԱկսա մզկիթ, այն էլ` իսլամի համար սրբազան ամսվա`Ռամադանի ամենասրբազան վերջին տասնօրյակին: Ընդ որում, ակնհայտ մտացածին պատճառաբանությամբ, թե Իրանի դեմ պատերազմի պատճառով վտանգավոր է մզկիթում հավաքվելը. ի՞նչ է, իսլամական Իրանը պետք է հրթիռով հարվածե՞ր իսլամի հիմնական սրբավայրերից մեկին:
Ու ահա հիմա էլ, ինչպես հայտնում են մի շարք աղբյուրներ, Իսրայելը մեկ այլ քայլ է նախաձեռնել, որը գալիս է հուշելու, որ Ալ-Ակսա մուտքի այդ արգելքը չէր կարող պատահական լինել: Օրինակ, ըստ ռուսական ազգայնական ուղղվածության «Ցարգրադի». «Իսրայելական իշխանությունները որոշել են փակել Երուսաղեմի Տիրոջ Գերեզմանի տաճարը հավատացյալների համար»: Ու էլի հենց ամենասրբազան պահերից մեկի շեմին. ապրիլի 11-ին՝ Ավագ շաբաթն է, որի ժամանակ տաճարում քրիստոնեական ամենակարեւոր խորհուրդներից մեկն է՝ Սուրբ կրակի իջնելը: Ու էլի նույն պատճառաբանությամբ` անվտանգություն: Կարո՞ղ է Իրանը հարվածել Երուսաղեմի Տիրոջ Գերեզմանի տաճարին. ցանկացած ողջամիտ մարդ դա միանգամից կբացառի: Եթե ոչ կրոնական, գոնե քաղաքական պատճառներից ելնելով. նման հարվածն Իրանի դեմ կհանի ողջ քրիստոնեական (եւ ոչ միայն) աշխարհը: Իսկ Իսրայելը հակառակը պնդելով, ինչպես Ալ–Ակսայի դեպքում, այս անգամ էլ ամենասրբազան պահին փորձելու է փակել քրիստոնեական գլխավոր տաճարը. նման պատահականություններ չեն լինում:
ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻՆ
Ռուս միլիարդատեր, ազգայնական ուղղության առանցքային ներկայացուցիչ Կոնստանտին Մալոֆեեւն այս կարծիքին է. «Թել Ավիվում պատերազմ են սկսել քրիստոնեության դեմ։ «Դարեր շարունակ սիոնիստները փորձել են բաժանել եւ անհամաձայնեցնել մուսուլմաններին։ Նրանք հաջողության են հասել։ Այժմ քրիստոնյաների դեմ նույն գործողությունը մտել է ակտիվ փուլ։ Եվ աշխարհը, հազվադեպ բացառություններով, լռում է՝ արդարացնելով սուրբ վայրերի պղծումը», - բացատրում է Մալոֆեեւը: Նա կարծում է, որ այս ֆոնին` Իրանն ունի եզակի հնարավորություն աշխարհին ցույց տալու, թե ով է քրիստոնեության իրական թշնամին, այն է` կարող է «պատրաստակամություն հայտնել, որ դադարեցնում է ռազմական գործողություններն ընդամենը երեք օրով՝ Ավագ Ուրբաթից մինչեւ Զատիկ, աշխարհի հավատացյալները կտեսնեն, թե ով է իրականում պատերազմ մղում Աստծո դեմ»: Բայց հազիվ թե այս ամենը նման պարզ հիմքեր եւ հետեւանքներ ունենա:
Այսպես, Ալ–Ակսայի փակմանը զուգահեռ, ինչպես ժամանակին տեղեկացնելու առիթ ունեցել ենք, ակտիվ թեմա դարձավ, որ Իսրայելը կարող է նաեւ ոչնչացնել այդ համալիրը` Իրանին մեղադրելով: Դրան, հասկանալի է, ոչ մեկը չի հավատա: Բայց քարոզչամեքենան, որը ենթակա է Իսրայելին, համառորեն սեւը սպիտակ կներկայացնի: Չնայած, առանց դրա էլ Նեթանյահուի քարոզած «Սողոմոնի տաճարի վերականգնում» գաղափարի կարեւոր դրվագներից մեկը կյանքի կկոչվի` ապագա շինհրապարակը կազատվի իսլամական մզկիթից: Իսկ Նեթանյահուն արդեն այնքան մահացու մեղքեր է շալակել, որ մեկով ավել, մեկով պակասը բան չի փոխում:
Ու եթե բանը հասել է նաեւ քրիստոնեությանը` Տիրոջ Գերեզմանի տաճարին, ապա նման մի ավանտյուրա էլ այստեղ իրականացնելու տարբերակը եւս բացառել չի կարելի: Ընդ որում, եթե անգամ Իրանը Մալոֆեեւի ասած զինադադարը հաստատի, դա չէ, որ Իսրայելին կարող է կանգնեցնել:
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
Այսպիսով, իսրայելյան վերնախավը գործո՞ւմ է կրոնական հիմքերից կամ գոնե կրոնի սեփական մեկնաբանություններից ելնելով, թե՞ փորձում է կրոնի հիմքի վրա ներկա քաղաքական ծրագրերի համար բացատրություն սարքել: Խոշոր հաշվով, այս երկու մոտեցումներում էական տարբերություն չկա, հաշվի առնելով բուն փաստը: Ներկա իրողությունները գալիս են հուշելու, որ Իսրայելն ակտիվորեն աշխատում է Իրանի հետ հակամարտությունը տեղափոխել կրոնական դաշտ: Ընդ որում, «խառնելով» բոլոր կրոններին` քրիստոնեություն, իսլամ, իսլամական ուղղություններ եւ այլն: Այսինքն, պետք է ջրերը մինչեւ վերջ պղտորել, հասցնել իսկական քաոսի: Իսկ քաոսային վիճակներում Իսրայելն իսկական վարպետ է:
Չնայած, ավելի վատ կլիներ այն վարկածը, որ իսրայելյան վերնախավն իրականում էլ առաջնորդվում է կրոնական մոտիվներով: Այս հարթությունում վերջնակետն Արմագեդոնն է, եւ եթե գնանք այն մտքին, որ Նեթանյահուի թիմը հենց դրան է ձգտում, ապա միջուկային պատերազմի հեռանկարը` արմագեդոնյան «կրակի ծովի» տեսքով, կարող է դառնալ անխուսափելի:
դեպի ետ