• am
  • ru
  • en
Версия для печати
14.05.2026

ՀԱՐՑԸ ՄԻԱՅՆ ԱՅՆ ՉԷ՝ ՄԵՆՔ ԵՎՐԱՍԻԱՅՈՒՄ ԿԼԻՆԵՆՔ, ԹԵ` ԵՎՐՈՊԱՅՈՒՄ. Գագիկ Հարությունյան

   

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանը պետք է հնարավորինս շուտ կողմնորոշվի Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության միջեւ ընտրություն կատարելու հարցով։ Նա, մասնավորապես, նշել է, որ Հայաստանի իշխանությունները կարող են այդ հարցով հանրաքվե անցկացնել եւ հարցնել հայ ժողովրդի կարծիքը, որից հետո նաեւ Ռուսաստանը համապատասխան հետեւություններ կանի: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման վերլուծական-քաղաքագիտական հանձնախմբի ղեկավար, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

— Ի՞նչ կասեք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերոնշյալ հայտարարության մասին:

— Սա նշանակում է, որ ռուսական կողմը շատ լուրջ է վերաբերվում այն ամենին, ինչ կատարվում է Հայաստանում եւ սպառնում է որոշակի սանկցիաներով: Հայաստանի տնտեսությունը հենված է ռուսական տնտեսության վրա: Դրանով նա զգուշացնում է, որ Հայաստանի իշխանությունն իրեն այդքան հանդուգն չպահի:

— Պուտինի այս հայտարարությունը եղավ անմիջապես Ուկրաինայի նախագահ Զելենսկու Երեւան այցից հետո: Այսինքն՝ կարո՞ղ ենք հայտարարությունը անմիջականորեն կապել այդ այցի հետ:

— Անշուշտ, որովհետեւ Զելենսկին հենց Երեւանից բավական անհաջող հայտարարություններ կատարեց Ռուսստանի նկատմամբ:

— Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Պուտինին՝ ասելով, թե հանրաքվե կանցկացնենք, երբ լինի դրա օբյեկտիվ անհրաժեշտությունը: Նման պատասխանը արդյոք անհետեւանք կմնա:

— Սպասելի հայտարարություն էր, եւ Ռուսաստանում ոչինչի վրա չեն զարմանում՝ այն ինչ ասում է Փաշինյանը: Ամեն բան գնում է իր բնական հունով: Պուտինն էլ, ռուսական կողմն էլ անընդհատ այդ մասին խոսում են, որ շուտով ընտրություններ են, եւ պետք է տեսնել, թե ինչ արդյունք կունենա այն:

— Ի դեպ, Պուտինը նաեւ ասել է, որ Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու ծրագրերը կքննարկվեն Եվրասիական տնտեսական ֆորումում։ Սա ի՞նչ է նշանակում:

— Սա նշանակում է, որ եթե Ռուսաստանը ցանկանա վռնդել Հայաստանին Եվրասիական համագործակցությունից, հեշտությամբ կանի: Այստեղ շատ կարեւոր են ընտրությունների արդյունքները: Հույս ունեմ, որ ընտրությունները բարեհաջող կավարտվեն, եւ նման ծայրահեղության կարիք չի լինի, քանի որ խնդիրը կդրվի արդեն նոր կառավարիչների վրա:

— Իսկ եթե ո՞չ...

— Եթե՝ ոչ, մտածելու կարիք կա, ու պետք է մտածել, թե ինչ անել, քանի որ դա լուրջ հետեւանք կարող է ունենալ ողջ Հայաստանի համար: Հարցը միայն այն չէ՝ մենք Եվրասիայում կլինենք, թե` Եվրոպայում: Գլխավորն այն է, որ այդ ժամանակ մենք կգնանք ու կդառնանք Թուրքիայի վիլաեթ՝ Արեւմտյան Ադրբեջան, ու այդ կերպ հարցը կլուծվի:

— Եթե ընտրություններում հաղթի ներկայիս իշխանությունը, սպասե՞լ, որ հաջորդիվ Հայաստանից դուրս կբերվի 102-րդ ռուսական ռազմաբազան:

— Առայժմ Ռուսաստանի հենարանն այդ զորքերն են: Հույս ունեմ, որ այդ սցենարը չի իրագործվի, որովհետեւ Պասկեւիչից հետո Հայաստանը դարձավ Հայաստան ռուսական զորքերի շնորհիվ: Հիմա սիրում են ռուսներին, թե՝ ոչ, դա երկրորդական խնդիր է: Սա է Հայաստանի միակ երաշխիքը՝ լինել-չլինելու:

Նանա Սարգսյան
www.iravunk.com


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր