04.07.2026ԻՆՉՈՒ ԷՐ ԵԿԵԼ ՏԻԿԻՆ ՈՒՐՍՈՒԼԱՆ
Այսպիսով, կայացավ Ֆոն դեր Լայենի հարավկովկասյան շրջայցը: Սկսվեց Բաքվից, որտեղից էլ երեկ Եվրահանձնաժողովի նախագահը ժամանեց Հայաստան:
ԵՄ-Ի ՃՈԽ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ
Պաշտոնական իմաստով թե ինչ նպատակներ են դրված այս այցի հիմքում, անգամ կռահել պետք չէ. ամեն ինչ ներկայացվում է միանգամայն բաց տեքստով: Դեռ Բաքվում տիկին Ուրսուլան ի ցույց դրեց Հարավային Կովկասի նկատմամբ Եվրոպական միության աճող ռազմավարական հետաքրքրության աճը` կապված հիմնականում էներգետիկայի, կոմունիկացիաների հետ եւ այլն: Ֆոն դեր Լայենը Ադրբեջանին անվանեց ԵՄ-ի «առանցքային գործընկեր»՝ ընդգծելով, թե Բաքուն ինչ կարեւորագույն տեղ ունի Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում, հատկապես աշխարհաքաղաքական ներկա անկայունության ֆոնին: «Վերջին տարիներին Ադրբեջանն ապացուցել է, որ Եվրոպական միության հուսալի եւ վստահելի էներգետիկ գործընկեր է։ Մենք չենք մոռացել, որ այն պահին, երբ Ռուսաստանը էներգետիկան օգտագործում էր որպես զենք Եվրոպայի դեմ, Ադրբեջանը առաջ եկավ։ Հարավային գազային միջանցքն իսկապես ամրապնդեց Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը եւ դարձավ հաջողության բացառիկ պատմություն»,– հայտարարել է նա։ Նույն ոճի մեջ էր նաեւ Ալիեւը, թե. «Այժմ մենք ունենք հարաբերությունների շատ ակտիվ փուլ Եվրոպական հանձնաժողովի եւ Ադրբեջանի միջեւ։ Սա աննախադեպ դինամիկա է, որն արտացոլում է բոլոր կողմերի ընդհանուր ձգտումը՝ ընդլայնելու համագործակցությունն ու ամրապնդելու գործընկերությունը»: Խոսքը նախ էներգակիրների արտահանման մասին է, եւ ըստ Հեյդարովիչի. «Այսօր մեր գազի արտահանման կեսը բաժին է ընկնում Եվրոպական միության երկրներին»: Ու հիմա էլ պետք է ակտիվացնել տրանսպորտային կապակցվածության հարցը:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ, թերեւս, տիկին Ուրսուլան նաեւ այլ նպատակ ուներ: Այն է` նախ ցույց տալ, որ կանգնած է Փաշինյանի թիկունքին, թեեւ դրա համար նա ստիպված եղավ հնչեցնել, մեղմ ասած, դեմոկրատիային ոչ հարիր մտքեր: Այդ թվում, թե Նիկոլի «հաղթանակը» նշանակում է, որ. «Թավշյա հեղափոխության ոգին կենդանի է եւ բարգավաճում է»: Այն դեպքում, երբ 2018թ.–ին Նիկոլն ուներ անվիճելի բացարձակ մեծամասնություն, բայց հիմա հազիվ է հավաքել ընտրողների քվեների 1/3–ը, չի կարողացել անգամ անցնել քվեարկության մասնակիցների 50 տոկոսի շեմը, «բարգավաճում» տերմինը հաստատ աբսուրդի ժանրից է:
Այդպիսով, ցույց տալով, որ Նիկոլի թիկունքին է կանգնած, տիկին Ուրսուլան անցավ բուն մտքին: Թե պատրաստվում է կովկասյան տարածաշրջանում ներդնել մոտ 2 միլիարդ, որը, դատելով նրա խոսքից, մասնավորապես Հայաստանում պետք է ծառայի կոմունիկացիոն խնդիրներին: Կարճ ասած` «Զանգեզուրի միջանցքին» եւ հարակից մյուս կապուղիներին:
Միաժամանակ տիկին Ուրսուլան նաեւ տարաբնույթ խոստումներ տվեց` դեպի Եվրոպա հայաստանյան ապրանքների արտահանումն ապահովելու մասով: Ընդ որում, հատուկ ընդգծելով, որ խոսքն այն ապրանքների մասին է, որոնք առաջ գնում էին դեպի ռուսական շուկա:
Արդյունքում, ստանում ենք նման իրողություն: Ակնհայտորեն ԵՄ–ն այս փուլում փորձում է ակտիվացնել Ադրբեջան–Հայաստան–Թուրքիա առանցքը: Ընդ որում, շարունակելով տարաբնույթ խոստումներով Նիկոլին հետ քաշել խնդիրներից, որոնք աչքի առաջ ձեւավորվում եւ խորանում են ռուսական ուղղությամբ: Եվ այն, որ զուգահեռաբար ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը, ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը եւ ներքին գործերի ու միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունները Անկարայում բանակցություններ են վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, այն պարզ ազդակն է, որ ԵՄ–ն այս ամբողջական գործընթացը տեսնում է Անկարայի վերահսկողության ներքո:
Թե սա ինչ է տալիս Հայաստանին, կարելի է պատկերացում կազմել մոտավորապես նման արդեն անգամ չթաքցվող հեռանկարով: Եթե այդ ծրագիրը հաջողվի, Հայաստանի առաջ լիովին փակվելու է ռուսական ուղղությունը: Մեզ համար հիմնական ուղղություն է դառնալու Ադրբեջան–Թուրքիա առանցքը, որը տանելու է Անկարայի լիակատար հեգեմոնիայի: Ընդ որում, անկախ այն բանից, թե Հայաստանի առաջ եվրոպական շուկան կբացվի, թե` ոչ: Այն իմաստով, որ այդ շուկայի բանալին միշտ մնում է Անկարայի ձեռքին, այսինքն, ցանկացած պահի այն կարող է փակվել` քաղաքական նպատակահարմարությունից ելնելով:
Մնում է նաեւ իրանական ուղղությունը: Բայց եթե Թուրքիան մեր հատվածում կարողանա վերցնել հեգեմոնիկ դիրք, ապա իրանական ուղղությունը եւս մեզ առանձնապես բան չի տալու:
Կարճ ասած, այն մեխանիզմը, որն Արցախն Ադրբեջանին տալուց ի վեր կամաց–կամաց պտույտի մեջ էր դրվում, հիմա, երբ Նիկոլը նորից վերցրեց վարչապետի աթոռը, ողջ թափով են փորձում աշխատեցնել: Ու, նման է, հնարավորինս արագ, քանի դեռ իրավիճակային նոր փոփոխություններ չեն առաջացել:
ԻՍԿ Ի՞ՆՉ ԿԱՍԻ ԹՐԱՄՓԸ
Սակայն, չնայած տիկին Ուրսուլայի այդ ոգեւորված հայտարարություններին եւ «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանին նման չքնաղ «փաթեթավորմամբ» մատուցելու փորձերին, հարցերի պակաս, մեկ է, չկա:
Առաջինը. այն «միջանցքը», որի իմասին խոսում է եվրոպացի տիկինը, տեսնես ինչքանո՞վ է համահունչ այդ նույն ուղու մյուս տարբերակին` «Թրամփի միջանցքին»: Նույն կոմունիկացիոն գծերն են, սակայն անվանման նման տարբերությունը նաեւ էության տարբերություն է ենթադրում: Այսինքն, այդ գծերը Փաշինյանն արդեն ստորագրությամբ խոստացել է ԱՄՆ–ին: Եվ այդ մոդելը ենթադրում է, որ այդ գծի վրա լինելու է ամերիկյան վերահսկողություն: Ըստ այդմ, ամերիկյան աշխարհաքաղաքական վերահսկողություն նաեւ, խոշոր իմաստով, Հայաստան–ադրբեջանական ուղղությամբ. ոչ մի թուրքական հեգեմոնիա: Իսկ Թուրքիային մնում է ընդամենը տեխնիկական ֆուկցիաներ, այսինքն, ԱՄՆ–ի վերահսկող գծերն ընդամենը Թուրքիայի տարածքով պետք է գնան Արեւմուտք: Ուրեմն, ԱՄՆ–ն կհամաձայնվի իր վերահսկողությունը հանձնել ԵՄ–ին, այն է` Թուրքիային: Միգուցե, եթե այնտեղ գլոբալիստները նորից վերցնեն իշխանությունը: Բայց հիմա Թրամփն է, եւ պատահական չէ, որ նա դեռ մինչեւ ընտրությունները շտապեց Նիկոլից գրավոր փաստաթուղթ վերցնել: Ու հիմա թե ինչպես է տիկին Ուրսուլան պատրաստվում այդ խաղի մեջ խառնվել, ինչ հիմքով է ուզում ներդրումներ անել կոմունիկացիաների ուղղությամբ, մեծ հարցականներ կան:
Սրան զուգահեռ, կա նաեւ Իրանի հետ կապված խնդիրը: Թեհրանը քանիցս հստակ հայտարարել է` ոչ մի արեւմտյան կոմունիկացիա այստեղով չպետք է անցնի: Եվ այն, որ սրան զուգահեռ ակտիվացնում է նաեւ Հայաստանով «Հյուսիս–Հարավ» տրամաբանության շրջանակներում կառուցվող մայրուղու շինարարությունը, դրա հերթական ազդակն է:
Բայց, իհարկե, ամենամեծ խնդիրը, որը կա Հայաստանով անցնելիք «Արեւելք–Արեւմուտք» առանցքի հետ կապված, անկախ այն բանից, թե ով է այն վերահսկելու, ԱՄՆ–ն, թե` Թուրքիա–ԵՄ ուղղությունը, մնում է հին հարցը` իսկ ո՞ւր է այդ գիծը գնալու Ադրբեջանից հետո:
Բաքվում ինչպես Ալիեւը, այնպես էլ տիկին Ուրսուլան թեեւ մեծ դրվատանքով խոսեցին ԵՄ ադրբեջանական գազ հասցնելու ծրագրերի մասին, սակայն մեկ բան, որպես կանոն, չեն ընդգծում. խոսքը համեմատաբար շատ փոքր ծավալների մասին է: Ադրբեջանի արտահանման պոտենցիալը մնում է տարեկան 10 միլիարդ խմ–ի կարգի, եւ դրա միայն կեսն է հասնում Եվրոպա. ԵՄ–ի համար չնչին ծավալ: Եթե անգամ Ալիեւն ինչ–որ հրաշքով կրկնապատկի այդ ծավալը, ասենք նաեւ Հայաստանով նոր գազատար կառուցելով, էլի ինչ–որ ցնցող ծավալներ չեն ստացվում: Շատ մեծ քանակներով գազ Ադրբեջանը պարզապես չունի: Այսինքն, հայտնի բան է, որ հիմնական նպատակը Կենտրոնական Ասիա դուրս գալն է, որի համար պետք է հատեն Կասպից ծովը: Ու հենց դա է, որ ինչպես էներգակիրների, այնպես էլ, առհասարակ, բեռնափոխադրումների մասով անելը գոնե ներկա իրավիճակում հնարավոր չէ. Կասպից ծովի իրավական մեխանիզմները թույլ չեն տալիս, եւ Ռուսաստանն ու Իրանն էլ ունեն այդ մեխանիզմների գործունեությունն ապահովելու լիարժեք ռազմական պոտենցիալը: Վերջ, հարցը փակ է. Ադրբեջանից այն կողմ որեւէ կոմունիկացիա անցնել չի կարող: Եթե ռազմական իրողություններ փոխվեն, այսինքն, Ռուսաստանը կամ Իրանը ոչնչանան, հնարավոր կլինի: Ներկա իրողությունների պարագայում Ադրբեջանը վերջին կանգառն է:
ՄՈՍԿՎԱՅԻՑ ՊԵՏՔ Է ՆՈՐ ՀԱՐՎԱԾՆԵՐ ՍՊԱՍԵԼ
Մյուս կողմից էլ, դեռ վերջնականապես հստակ չէ, թե Հայաստանում ինչպես են եվրոպական այդ բոլոր ծրագրերը կյանքի կոչելու, սակայն ռուսական արգելքներից վնասները գալիս են հենց հիմա:
Ռուսաստանն այս ընթացքում, իհարկե, մի շարք կոպիտ քաղաքական սխալներ թույլ տվել է, սկսած այն պահից, երբ չկանգնեցրեց Արցախում Ալիեւի հարձակումը, վերջացրած այս վերջին ընտրություններով: Բայց այդ ամենով հանդերձ` այն պատժամիջոցները, որոնք հայաստանյան ուղղությամբ կիրառվում են եւ դեռ կարող են կիրառվել, քաղաքական եւս մեկ սխալ լինելով հանդերձ, այնուամենայնիվ, ծանր քայլեր են, որոնք Նիկոլը, անկախ տիկին Ուրսուլայի խոստումներից, չի կարող շրջանցել:
Ամեն դեպքում, պատահական չէր, որ Եվրահանձնաժողովի նախագահի այս այցի շեմին Փաշինյանը կարողացավ կապի դուրս գալ ՌԴ վարչապետ Միշուստինի հետ: «Չար լեզուները» շշնջում են, որ այդ զրույցում փորձել է առաջ տանել այն միտքը, թե, տեսեք, Ուրսուլան կգա եւ Ռուսաստանի արգելափակման այդ բոլոր ապրանքները ԵՄ արտահանելու «դաբրո» կտա: Բայց նաեւ, որ Մոսկվայում եւս լավ հասկանում են, թե նման խոստումներն իրականում ինչ արժեք ունեն, եւ Հայաստանին ինչ կարգի միջոցներ եւ ժամանակ է պետք` ԵՄ–ում սպառման ենթակա ապրանք արտադրելու համար, ինչ էլ որ Ուրսուլան իր անունից խոստանա` Ռուսաստանին հարված հասցնելու համար: Ու արդյունքում ստացվում է, որ եթե Նիկոլը դեռ նման խաղերի միջոցով փորձում է Մոսկվային անհանգստացնող մեսիջներ հղել, դրանք մի կողմից խոսում են հենց հայաստանյան իշխանությունների անհանգստությունների մասին: Երկրորդը, այդ մեսիջները պարզապես Մոսկվայում անտեսվում են: Կարճ ասած, խաղը չստացվեց, եւ հիմա մնում է սպասել, թե այդ ինչպե՞ս է տիկին Ուրսուլան Հայաստանի ապրանքների առաջ բացելու եվրոպական շուկաները, որի հետ կապված, ընդգծենք, չունի եվրոպական պետությունների համաձայնությունը:
դեպի ետ