• am
  • ru
  • en
Версия для печати
06.08.2026

ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ «ԴԱԲՐՈՆ», ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆԸ Ի՞ՆՉ ՍՏԱՑԱՎ

   

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունին: Հերթական հանդիպումն ամերիկացի բարձրաստիճան ներկայացուցչի հետ իշխանական քարոզչամեքենայի կողմից ներկայացվում է որպես արտաքին քաղաքական հերթական հաջողություն։ Սակայն պաշտոնական հաղորդագրության տողատակերում ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ։

Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունի այցը Երեւան առաջին հերթին ընդգծում է Հայաստանի իշխանությունների՝ Վաշինգտոնի քաղաքական աջակցությունը հնարավորինս հրապարակայնացնելու ձգտումը։ Պատահական չէ, որ պաշտոնական հաղորդագրության մեջ հատուկ շեշտադրվում են ոչ միայն Միացյալ Նահանգների, այլեւ անձամբ նախագահ Դոնալդ Թրամփի «դերը» հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Այս ձեւակերպումները ավելի շատ հիշեցնում են արտաքին հովանավորի հասցեին հնչող քաղաքական կոմպլիմենտներ, քան ինքնուրույն արտաքին քաղաքականություն իրականացնող պետության ղեկավարի խոսք։

Հատկանշական է նաեւ Փաշինյանի հայտարարությունը, թե 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո տարածաշրջանում ձեւավորվել է «կայուն եւ դրական մթնոլորտ»։ Սակայն հանրության համար մինչ օրս պարզ չէ, թե այդ «դրական մթնոլորտը» կոնկրետ ինչ արդյունքներ է տվել Հայաստանին։ Արդյո՞ք լուծվել են անվտանգային հիմնարար խնդիրները, ապահովվե՞լ են Հայաստանի ազգային շահերը, թե՞ հերթական անգամ հասարակությանը ներկայացվում են լավատեսական գնահատականներ՝ առանց դրանց փաստական հիմնավորման։

Ոչ պակաս ուշագրավ է այն, որ ամերիկյան կողմը Փաշինյանին փոխանցել է նախագահ Թրամփի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի շնորհավորանքները վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Թեեւ դիվանագիտական պրակտիկայում նման ուղերձները սովորական են, իշխանությունը դրանք ներկայացնում է որպես իր լեգիտիմության եւ արտաքին աջակցության հերթական ապացույց։ Սակայն ներքաղաքական իրականության մեջ որեւէ արտաքին շնորհավորանք չի կարող փոխարինել այն հարցերի պատասխաններին, որոնք հասարակությունը շարունակում է բարձրացնել երկրի անվտանգության, սահմանների, տեղահանվածների իրավունքների եւ պետական շահերի պաշտպանության վերաբերյալ։

Առանձին ուշադրության է արժանի նաեւ TRIPP նախագծի շուրջ քննարկումը։ Պաշտոնական հաղորդագրությունը կրկին սահմանափակվում է ընդհանուր ձեւակերպումներով՝ խոսելով «տեխնիկական հարցերի լուծման» եւ «առաջիկայում տեսանելի քայլերի» մասին։ Սակայն հանրությունը հերթական անգամ չի տեղեկանում, թե ինչ պարտավորություններ է ստանձնում Հայաստանը, ինչ տնտեսական կամ քաղաքական ազդեցություն է ունենալու նախագիծը եւ ինչ ռիսկեր կարող են առաջանալ դրա իրականացման դեպքում։ Գաղտնիության այս մթնոլորտը վաղուց դարձել է գործող իշխանության գործելաոճի բաղկացուցիչ մասը։

Այս ամենի ֆոնին Փաշինյանի իշխանությունը շարունակում է արտաքին գործընկերների հետ հանդիպումները ներկայացնել որպես ներքին քաղաքական հաջողությունների փոխարինող։ Սակայն հասարակության համար առաջնայինը ոչ թե հերթական բարձր մակարդակի ընդունելությունների լուսանկարներն են կամ փոխադարձ հաճոյախոսությունները, այլ այն հարցի պատասխանը, թե արտաքին քաղաքական այս ակտիվությունը որքանով է վերածվում Հայաստանի անվտանգության, ինքնիշխանության եւ ազգային շահերի իրական ամրապնդման։ Մինչ այդ պատասխանները բացակայում են, իշխանության լավատեսական հայտարարությունները շարունակում են ընկալվել ոչ թե որպես ձեռքբերումների արձանագրում, այլ որպես քաղաքական քարոզչության հերթական դրվագ։

Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com


դեպի ետ