• am
  • ru
  • en
Версия для печати
11.08.2026

ՇԱՏ ՇՈՒՏՈՎ ԿՍԿՍԵՆ ԱՅԼԱՆԴԱԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՈՒՂՂՎԱԾ ՌՈՒՍԱԿԱՆ 102-ՐԴ ՌԱԶՄԱԲԱԶԱՅԻ ԴԵՄ. Գրիգորյան

   

Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին Հայաստանի հնարավոր էներգետիկ խնդիրներին՝ «Իրավունք»-ի հետ զրույցում «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար, 44-օրյա պատերազմի մասնակից, միջազգային փորձագետ ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ հիշեցրեց, որ մարդը մի քիչ հղի չի լինում։ Այսինքն՝ չի լինելու այնպես, որ ամբողջ տարածաշրջանը հանձնվի թշնամու քմաճույքին, բայց պահպանվի ռուսական էներգետիկ դոմինանտ դերը։

— Ցավոք, մեր ռուս գործընկերները կա՛մ չեն ցանկանում, կա՛մ իրենց հաճելի չէ դրա մասին խոսել։ Շատ եմ նկատել, որ նրանք շատ մեծ դժգոհությամբ են լսում ցանկացած քննադատություն, մասնավորապես՝ Արցախի Հանրապետության վերաբերյալ։ Այսօր թուրքերը հավակնում են փոխարինել Ռուսաստանին էներգետիկ ոլորտում, մինչդեռ մեր ռուս գործընկերները համառորեն համարում են, որ նման բան հնարավոր չէ։ Միգուցե, նրանք տնտեսապես ճիշտ են, բայց եկեք չմոռանանք, որ պետությունը միայն տնտեսությունը չէ։ Ընդամենը 6-7 տարի առաջ որեւէ մեկի մտքով չէր կարող նույնիսկ անցնել, որ կհանձնվի Արցախը, որ կպղծվի Հայոց մեծ եղեռնի զոհերի եւ մեր նահատակված հերոս տղաների հիշատակը, շատ բաներ չէինք կարող պատկերացնել։

Իմ խորին համոզմամբ՝ դեռեւս 2016 թվականին ՌԴ ղեկավարության, մասնավորապես՝ նախագահի աշխատակազմում տեղի ունեցավ մինի հեղաշրջում, որի հետեւանքով իշխանության եկան, այսպես կոչված, տեխնոկրատները, իսկ սա Ռուսաստանի Դաշնության պես գերհզոր կայսրությունում նշանակում է կանգնել ինքնաոչնչացման ճանապարհին։ Եկեք չմոռանանք, որ պատմականորեն Ռուսիան եղել է ռազմիկների երկիր, ոչ թե վաճառականների։ Եվ մենք տեսնում ենք դրա հետեւանքները թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականության մեջ։ Պետք է վկայակոչեմ 2016 թվականին ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովի հարցազրույցը «Կոմսոմոլսկայա պրավդա»-յում, որտեղ նա Դարյա Ասլամովայի հետ բանավիճում է ու շատ զարմացած, նույնիսկ բարկացած արձագանքում, թե ինչպե՞ս եք կարծում, ինչպե՞ս է հնարավոր, որ ռուսական զորքը մտնի Ուկրաինայի տարածք, ինչպե՞ս եք պատկերացնել պատերազմ ռուսների եւ ուկրաինացիների միջեւ։ Այսօր մենք դա արդեն տեսնում ենք, եւ, ցավոք, պետք է ասեմ, որ նույն իրավիճակն է էներգետիկայի ոլորտում։

Թեեւ մեր ռուս գործընկերները փորձում են բերել շատ տարբեր զանազան ու զարմանազան հիմնավորումներ, եւ նրանք ճիշտ են տնտեսապես, բայց, պարզապես, նրանք կա՛մ չեն ցանկանում խոսել, կա՛մ բաց են թողնում մի շատ կարեւոր ասպեկտ, որ երբ լուծվում են աշխարհաքաղաքական հարցեր, էներգետիկան, լոգիստիկան, դրանք արդեն երկրորդական դեր են խաղում, եւ դու փաստացի կորցնում ես քո ամբողջ ազդեցությունը տվյալ երկրում։ Իսկ դա մենք արդեն տեսնում ենք․ այսօր Ռուսաստանի Դաշնությունը, որքան էլ ասեն հակառակը, փաստացի կորցրել է իր ազդեցությունը ՀՀ տարածքում։

«ՀԱՅՔԸ ԵՎ ՌՈՒՍԻԱՆ ԵՐԿՈՒ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՈԹՆԵՐ ԵՆ»

— Ռուս փորձագետներն ասում են՝ Հայաստանը թմբկահարում է, որ սուվերեն է, անկախ պետություն է, հետեւապես բոլոր քայլերի հետեւանքները կրում է հայ ժողովուրդը։ Ինչ էլ լինի, սա հայ ժողովրդի որոշումն է։ Ի՞նչ պետք է անեն ռուսները, որ չեն անում։

— Գիտեք, սա քաղաքական պատասխան չէ։ Սա ընդամենը պատասխանատվությունից խույս տալու փորձ է։ Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ Ռուսաստանի պես կայսրությունը նման արտահայտություններ անելու կա՛մ իրավունք չունի, կա՛մ եթե անում է եւ ասում, որ «մենք չենք խառնվում ձեր ներքին գործերի մեջ», «մենք ի՞նչ մեղավոր ենք, հայ ժողովուրդը սուվերեն պետություն է», սա խոսում է ընդամենը թուլության մասին։ Ռուսները լավ խոսք ունեն՝ «сохранять хорошую мину при плохой игре»։ Այսինքն՝ նրանք շատ լավ հասկանում են, որ տանուլ են տվել արտաքին քաղաքականությունը հայկական ուղղությամբ։ Եվ հիմա ասել, թե՝ գիտեք, մենք ի՞նչ գործ ունենք, Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է որոշում եւ այլն, ուղղակի հարիր չէ։

Եթե դու կայսրություն ես, միջուկային գերտերություն ես, ի՞նչ է նշանակում՝ մենք չենք խառնվում։ Սա արդեն ծիծաղելի է։ Այլ բան է, որ մարդիկ չեն ցանկանում գիտակցել կամ գիտակցում են, բայց չեն ցանկանում խոսել այն մասին, որ Ռուսաստանի Դաշնության հատկացրած ֆինանսական օգնությունը Հայաստանի Հանրապետությանը գերազանցում է այն ֆինանսական օգնությանը, որը հատկացրել է նույն ԵՄ-ն, նույն Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Բայց տեղի է ունեցել խայտառակ մի բան․ ըստ ամենայնի, այդ գումարները փոշիացվել են։ Ես սա ենթադրում եմ, որովհետեւ այլ կերպ բացատրել այս տիպի ջախջախիչ պարտությունը արտաքին քաղաքական ուղղությամբ, հնարավոր չէ։ Ընդ որում՝ մենք բոլորս գիտենք, որ փորձեր արվում էին, գումարներ հատկացվում էին, որպեսզի թույլ չտան արտաքին ներգործություն հայկական ուղեղի վրա, հայ երիտասարդության վրա, որպեսզի չդարձնեն նրանց ռուսատյաց, ինչը մենք այսօր համատարած տեսնում ենք։

— Բայց Ռուսաստանը չի խառնվում, արդեն իսկ մեղադրում են հիբրիդային պատերազմ մղելու, Հայաստանի վրա ճնշում գործադրելու մեջ։ Պատկերացրեք, որ խառնվեին՝ ի՞նչ էր լինելու։

— Լինել կայսրություն, դա իր մեջ ենթադրում է մի շարք կոմպոնենտներ։ Եթե վախենում են, թե ով ինչ կասի, ուրեմն՝ արդեն կայսրություն չեն։ Կան պետություններ, որոնք առեւանգում են այլ պետությունների նախագահների եւ, կներեք, թքած ունեն, թե դուք ինչ կասեք։ Ուրեմն՝ եթե դուք կայսրություն եք, դրսեւորեք ձեզ կայսրությանը վայել քաղաքականություն եւ հսկեք, թե ինչ է տեղի ունենում ձեր դաշնակիցների պետության տարածքում։ Հայքը եւ Ռուսիան երկու փոխկապակցված անոթներ են՝ թե՛ հոգեպես, թե՛ մշակութային առումով, թե՛ իրենց սուրբ հավատքով։ Եվ այսքանից հետո ասել, որ մենք չենք խառնվո՞ւմ ու թույլ տալ, որպեսզի 30 տարի ներքին գրոհ կատարվի Հայաստանի Հանրապետության վրա՞․․․

Ուկրաինայի նման հզոր պետությունը ԽՍՀՄ-ում ամենահարուստն ու ամենաուժեղն էր՝ ՌԽՖՍՀ -ից հետո։ Նաեւ միջուկային զենք ուներ այդ հանրապետությունը։ ԴՆԹ-ի մակարդակով նույն սլավոնական ժողովուրդն է։ Եվ եթե կարողացան 40 միլիոնանոց հարուստ պետությունը վերածել Ռուսաստանի ոխերիմ թշնամու, եղբայրական պատերազմ սկսել, Հայքի պես փոքր, բլոկադայի մեջ գտնվող, պատերազմ ու երկրաշարժ անցած, արյունաքամ Հանրապետությունում ինչպե՞ս կարող է դա տեղի չունենար։ Ինչ դեռ մնացել է այսօր, շնորհիվ այն մարդկանց է, ովքեր ստացել են ճիշտ դաստիարակություն, ճիշտ արժեհամակարգ ունեն եւ աշխատում են դրանք պահպանել։ Ինձ ճիշտ հասկացեք՝ ես Հայքի եւ Ռուսիայի, հայ եւ ռուս ժողովրդի միջեւ կապի, ռուսերեն լավ խոսք կա՝ «безальтернативность»-ի կողմնակիցն եմ, Ռուսաստանը մեր դաշնակիցը պետք է լինի, եւ մենք պետք է լինենք ՌԴ դաշնակիցը, սա աներկբա է, չի քննարկվում։ Ընդ որում՝ առաջին հերթին քաղաքական եւ ռազմական ոլորտներում, երկրորդ հերթին նոր՝ տնտեսական։ Բայց ես ամենեւին էլ չեմ կարող ողջունել ներկայիս քաղաքականությունը, որը վարում է Ռուսաստանը։ Այդ քաղաքականության համաձայն, կարծես թե, Ադրբեջանն է Ռուսաստանի դաշնակիցը, այլ ոչ թե մենք։ Իհարկե, դա ունի իր սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառները, բայց փաստացի դա այդպես է, որքան էլ նրանք փորձեն ժխտել։ Թե ի՞նչ է դրա հիմքում ընկած, ինչո՞ւ է այդպես, այլ հարց է։

Այսօր մեր երկրի տարածքում տեղի է ունենում զորավարժություն ՆԱՏՕ անդամ երկրների հետ։ Սա նշանակում է, որ այլեւս ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայությունը այստեղ ընդամենը ֆիկտիվ բնույթ է կրում։ Ավելին՝ ես կարծում եմ, որ շատ շուտով կսկսեն այլանդակ գործողություններ՝ ուղղված ռուս զինվորականների դեմ, ովքեր գտնվում են այդ բազայի տարածքում։ Կսկսվեն տարբեր միտինգներ, բողոքի ակցիաներ եւ այլն։ Չեմ բացառում, որ կլինեն նաեւ սադրիչ գործողություններ, ինչպիսին եղավ 2015 թ․-ին՝ Ավետիսյանների ընտանիքի սպանդի շահարկմամբ։ Էլի են եղել միջադեպեր, որոնք բոլորն օգտագործվել են՝ որպես մի քաղաքականության, մի շղթայի տարբեր մասեր։

Թե՛ ՌԴ արտաքին քաղաքականության գերատեսչությունը, թե՛ Ռուսաստանի նախագահի ադմինիստրացիան, իմ խորին համոզմամբ, չեն վարում այսօր պրոռուսական քաղաքականություն, իսկ դրա հետեւանքները շատ տխուր են լինելու մեր համար։ Ինչ վերաբերում է այն խոսքերին, թե՝ «մենք ի՞նչ գործ ունենք», «ի՞նչ կապ ունենք», փորձ է սեփական անկարողությունը, ապիկարությունը պարզապես գցել խաբված, արյունաքամ, դավաճանված հայ ժողովրդի գրպանը, ինչպես արեց այս հայրենադավ կառավարությունը, որը հանձնելով Արցախը՝ այն գցեց Ռուսաստանի Դաշնության գրպանը։ Բայց եկեք համաձայնվեք, որ եթե լիներ քաղաքական որոշում ՌԴ-ում, որոշ քայլեր կարվեին, եւ մենք չէինք կորցնի Արցախը։

«ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱԼՏԵՐՆԱՏԻՎ ՉԿԱ»

— Արցախի հետ կապված ի՞նչ պետք է աներ Ռուսաստանը, երբ Նիկոլ Փաշինյանը Պրահայում ուղղակի հայտարարեց, որ «Արցախն Ադրբեջան է»։

— Ձեր նշած էակն ախր ոչ ոք է։ Նա ոչնչություն է աշխարհաքաղաքական մասշտաբով, երբ խոսում ենք այնպիսի ծանրաքաշ երկրների մասին, ինչպիսին է Ռուսաստանի Դաշնությունը։ Ուղղակի շատ «նայիվ» է ասել՝ ա՛յ, ինքն ասաց, դրա համար եղավ այսպես։ Կարող էր եւ չասել, կարող էր անգամ այնտեղ չլինել։ Սա քաղաքական ցանկության հարց է, ընդ որում՝ ասեմ, որ ռուս զինվորականները, ռուս ժողովուրդը շատ լավ հասկանում էին, թե ինչ է տեղի ունենում։ Ռուսաստանում կան զինվորականներ ու կա մի ամբողջ քաղաքական խավ, որը դեմ էր Արցախի հանդեպ վարվող այդպիսի քաղաքականությանը, նրանք ընդդիմանում էին։

Ռուս զինվորականներն ամեն ինչ փորձում էին անել, որպեսզի կանխեին, միջամտեին, եւ ես դա ասում եմ ոչ թե միայն ասելու համար, իրոք, այդպես էլ եղել է։ Պարզապես, ցավոք, անվտանգության խորհրդի նիստում, ըստ ամենայնի, սպիտակ անդրավարտիքներով մարդիկ հաղթանակ տարան զինվորական համազգեստի ուղղությամբ, եւ դրա հետեւանքները մենք այսօր տեսնում ենք Ռուսաստանի եւ Ուկրաինայի մեջ պատերազմում։

Ուզում եմ հատուկ շեշտել, որ հայ ժողովուրդը իմանա՝ Ռուսաստանում 30-ից ավել ժողովուրդներ են ապրում, բայց մեր եղբայրական ժողովուրդը ռուսներն են, ո՛չ եվեններն են, ոչ չեչենները։ Ուղղափառ ռուս եկեղեցին է մեր եկեղեցու կրտսեր քույրը։ Հայ ու ռուս ժողովուրդներն են կապված իրար հետ, ոչ թե թաթարները, չերքեզները։ Մենք դա պետք է հաշվի առնենք, պետք է հասկանանք, որ մեր դաշնակցի հետ եղբայրական հարաբերություններին ալտերնատիվ չկա։ Բայց այսօր հենց ռուս ժողովուրդն է շատ վատ վիճակում գտնվում այդ սպիտակ անդրավարտիքներովների հաղթանակի պատճառով։ Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում, ինչ անթույլատրելի որոշումներ են ընդունվում հենց ռուս-ուկրաինական պատերազմում։ Երբ ռուսական բանակը մտել էր արդեն Կիեւ, նրանց հետ քաշեցին։ 2022 թվականի մասին է խոսքը, պատերազմն արդեն ավարտված կլիներ։ Դուք կարո՞ղ եք պատկերացնել մի իրավիճակ, որ Ժուկովը կմտներ Բեռլին եւ Ստալինը իրեն կասեր՝ հետ քաշվի։ Չէ՞ որ դուք պայքարում եք նացիզմի դեմ։ Ասում են՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը զանգեց, ասաց՝ չի կարելի զենքի տակ կապիտուլյացիա ստորագրել։ Հասկանո՞ւմ եք, ախր հանցագործություն է տեղի ունեցել, որի պատճառով հարյուր հազարավոր ռուս տղաներ իրենց կյանքը զոհեցին։

Ինչեւէ, ես չեմ ուզում շատ խորանալ դրա մեջ, ռուս ժողովուրդն, ինձ թվում է, իր խոսքը կասի շատ մոտ ապագայում։ Համենայնդեպս, իրավիճակը ծայրահեղ ծանր է։ Մենք հայտնվել ենք այն վիճակում, որ ոչ ոք մեզ չի օգնելու, մեզ օգնելու է միայն մեր Տեր եւ Աստված Հիսուս Քրիստոսը եւ մենք ինքներս, ուրիշ ելք չկա։

Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com


դեպի ետ