25.08.2026ԱՌԱՆՑ ՀԶՈՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՍ ԱՊԱԳԱ ՉՈՒՆԻ․ ԱՐԹՈՒՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԱԲՆԱԿ ՀԱՅԵՐԻՆ
Ռուսաստանաբնակ քաղակտիվիստ ԱՐԹՈՒՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ դիմել է ռուսաստանաբնակ հայրենակիցներին։
«Մոտենում են Ռուսաստանի առաջիկա ընտրությունները, և ես ուզում եմ դիմել ձեզ՝ կարևորելով մեր ակտիվ մասնակցությունը։ Սա սովորական քաղաքական իրադարձություն չէ, սա պահ է, երբ մեր յուրաքանչյուրի քվեն ունի ծանրակշիռ նշանակություն։ Մենք պարտավոր ենք ցուցաբերել քաղաքացիական բարձր գիտակցություն և անտարբեր չմնալ այն երկրի ապագայի հանդեպ, որտեղ մենք ապրում, աշխատում և ստեղծագործում ենք։
Կոչ եմ անում բոլորիդ՝ անպայման այցելել ընտրատեղամասեր և ձեր ձայնը տալ «Եդինայա Ռուսաստան» («Միասնական Ռուսաստան») կուսակցության օգտին։ Ես իմ այս ընտրությունը կատարել եմ խորը գիտակցումով և հստակ հիմնավորումներով։
Առաջին հերթին, մենք տեսնում ենք, որ «Եդինայա Ռուսաստան»-ը՝ ՌԴ նախագահի գլխավորությամբ, ոչ միայն խոսքով, այլև գործով է ապացուցել, որ գիտի հողի արժեքը։ Նրանք տեր են կանգնում իրենց երկրի ինքնիշխանությանը։ Մեր ժողովուրդը ամենաշատն է գիտակցում պետականության և հզոր բանակի կարևորությունը․ առանց կայուն պետական համակարգի և ուժեղ բանակի հնարավոր չէ երաշխավորել խաղաղություն, պաշտպանել քաղաքացիներին և ապահովել անվտանգ ապագա։ այս կուսակցությունը հենց այդ հիմնասյուների ամրապնդմամբ է առաջնորդվում։
Այսօր «Եդինայա Ռուսաստան»-ը շարունակում է այն հզոր գործը, որի հիմքերը դրվել են տասնամյակներ առաջ՝ մեր պապերի կիսատ թողած հայրենանվեր առաքելությունը շարունակելով։ Սա պատմական շարունակականություն է, որը հիմք է տալիս վստահելու այս քաղաքական ուժին։ Միաժամանակ, կուսակցության իրականացրած տնտեսական զարգացման ծրագրերը Ռուսաստանը տանում են դեպի տնտեսական կայուն հզորացման։ Իսկ մենք լավ գիտենք, որ կայուն տնտեսությունը բարեկեցության, զարգացման և երկրի ամրապնդման գլխավոր երաշխիքն է։
Եվ վերջապես, ամենակարևորը, որը պետք է շատ սթափ գիտակցել․ առանց Հզոր Ռուսաստանի՝ Հայաստանը ևս ապագա չունի։ Մեր երկու երկրների անվտանգային, քաղաքական և տնտեսական շահերը սերտորեն փոխկապակցված են, և Ռուսաստանի հզորությունը ուղղակիորեն ազդում է տարածաշրջանային կայունության ու մեր հայրենիքի անվտանգության վրա։
Սիրելի՛ հայրենակիցներ, եկե՛ք լինենք միասնական, հետևողական և հեռատես։ Մեր ձայնը մեր պատասխանատվությունն է հանուն մեր ընտանիքների, մեր բարեկեցության և մեր ժողովուրդների հարատև բարեկամության։ Կոչ եմ անում՝ անպայման մասնակցել ընտրություններին և քվեարկել հանուն «Միասնական Ռուսաստանի» հզորացման», - նշել է Ա․ Ղազարյանը։
դեպի ետ