• am
  • ru
  • en
Версия для печати
10.09.2026

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՇԵՄԻՆ ՈՒՆԵՑԱՎ «ԹԻԿՈՒՆՔԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅԱՆ» ԷԱԿԱՆ ԱՆԿՈՒՄ

   

Օրերս ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա օրակարգում է, կարող է կայանալ մոտ ժամանակում, թեեւ հստակ ամսաթվերը դեռեւս որոշված չեն։ Որոշ աղբյուրներ էլ խոսում են ժամկետներից. հնարավոր է գալիք շաբաթվա սկիզբը, բայց եթե ոչ, ապա կհետաձգվի մինչեւ ամսվա վերջ` Պետդումայի ընտրություններից հետո:

ԵՐԲ Է ՆԻԿՈԼԸ ՄԵԿՆԵԼՈՒ ՄՈՍԿՎԱ

Աղբյուրները նաեւ ակնարկում են, որ Փաշինյանի համար ցանկալին ամսվա վերջի տարբերակն է: Իհարկե, նա կուզենար օր առաջ մեկնել Մոսկվա: Սակայն սեպտեմբերի 20–ին կայանալիք Պետդումայի ընտրությունները, թեեւ ինչ–որ մեծ անակնկալներ չեն խոստանում, սակայն եթե դառնան կայացած փաստ, ապա ավելի ռեալ հնարավոր կլինի կողմնորոշվել Մոսկվայի հետագա քաղաքական կուրսի հետ կապված: Այսինքն, հենց այդ ընտրություններն են, որ կդառնան հստակ ցուցիչ Ռուսաստանում ձեւավորվող նոր քաղաքական լանդշաֆտի, ըստ այդմ էլ` էլիտայի վերաձեւավորման եւ ապագա քաղաքական կուրսի մասին: Ընդ որում, եթե սպասելի սցենարներն իրականություն դառնան, ապա ենթադրելի է, որ այդ կուրսն էապես ավելի կոշտ եւ նպատակասլաց կդառնա, քան ողջ հետխորհրդային ժամանակաշրջանում էր, ինչը, իհարկե, նաեւ Փաշինյանի համար է լինելու հստակ ազդակ, թե հետագա ինչ ակնկալիքներ կամ բախումային ուղղություններ կարող է ունենալ:

Առավել եւս, որ Եվրոպայից եկող նորությունները եւս Փաշինյանի համար պետք է որ մռայլ մտքեր առաջ բերեն: Ամեն դեպքում, որոշ աղբյուրներ հայտնում են, որ Նիկոլի համար առավել քան մտահոգիչ են եղել այն արդյունքները, որոնք գրանցվեցին գերմանական Սաքսոնիա-Անհալթի տարածաշրջանում եւ որոնք իսկական քաղաքական ցունամի առաջացրին ոչ միայն Գերմանիայում, այլ, առանց չափազանցության, ողջ աշխարհում: Հիշեցնենք, որ այդ ընտրություններում գերմանական ծայրահեղ աջակողմյան ուժը` Ալիս Վայդելի «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը ընդհուպ մոտեցավ 50 տոկոսանոց ցուցանիշի շեմին: Իսկ, ընդհանուր առմամբ, աջ ուժերը հավաքեցին ձայների կեսից ավելին: Ընդ որում, ցնցման առիթը նաեւ այն էր, որ Գերմանիայի իշխող ուլտրալիբերալ ուժը` Մերցի գլխավորած «Քրիստոնյա–Դեմոկրատական դաշինքը» (CDU) ստացավ 20 տոկոսից էլ պակաս ձայն, ինչը, դժվար չէ հասկանալ, որ հենց Մերցի եւ նրա քաղաքական կուրսի վարկանիշն է: Ավելին, բոլորն են հասկանում, որ այդ կարգի վարկանիշային գոտում են գտնվում նաեւ եվրոպական մյուս առաջատար երկրներում իշխող ուլտրալիբերալ ուժերը:

Լիբերալներն արագորեն փորձեցին հակահարձակման գնալ: Բայց այն քարոզչական մեխանիզմը, որը դնում են դրա տակ, եկավ հուշելու, որ ուլտրալիբերալների մոտ նաեւ քաղաքական–քարոզչական զինանոցի հետ կապված լրջագույն խնդիր կա: Այսպես, տարբեր գործիչներ եւ անձամբ Մերցը գերմանական ընտրությունների արդյունքները սկսեցին ներկայացնել` որպես Ռուսաստանի եւ Պուտինի հաղթանակը: Մերցի մոտ դա հնչեց այսպես` AfD-ի հաղթանակը «հատուկ ուրախություն» է բերել Ռուսաստանին: Բայց նման քարոզչական հնարքն իր հիմքում երկու կոպիտ սխալ ունի: Նախ, Մերցի ձայներն այն խղճուկ տեսքն ունեն, որ անգամ նա չկարողացավ չխոստովանել, որ «խորապես ցնցված է» այդ իրավիճակից, եւ որ անձամբ իր ղեկավարմամբ իշխող ուժը կրեց «ամենալուրջ պարտությունը տասնամյակների ընթացքում»: Նաեւ, որ դա խորքային հետեւանքներ կունենա երկրի ներսում եւ սահմաններից դուրս։ «Ինչ-որ բան փոխվել է ամբողջ Գերմանիայում»,- ասել է Մերցը, նաեւ ավելացնելով, որ այդ արդյունքները կազդեն նաեւ անձամբ իր վրա՝ որպես կանցլերի։ Այսինքն, խնդիրն առաջին հերթին այն չէ, որ AfD-ը ստացավ ձայների մոտ կեսը, այլ այն, որ իշխող քաղաքական համակարգը եւ վերջին երկու–երեք տասնամյակների քաղաքական կուրսը հիմա Եվրոպայի առաջատար Գերմանիայում ունի 20 տոկոսից էլ պակաս վստահություն:

Եվ երկրորդ սխալն այն է, որ AfD-ին փորձում են համարել պուտինամերձ ուժ, ապա դրանով, ըստ էության, այն միտքն են առաջ տանում, որ Պուտինը Գերմանիայում ունի ընտրողների մոտ կեսի եւ Մերցից ավելի քան երկու անգամ ավել վարկանիշ: Իսկ իրականում AfD-ի «պուտինամետությունը» միայն այն է, որ այդ կուսակցությունն առաջ է տանում գաղափարական թեզ, որ Գերմանիայի համար վնասակար է ինչպես ուկրաինական պատերազմն` ընդհանուր առմամբ, այնպես էլ` Ուկրաինային նման ջերմեռանդությամբ օգնելն ու այդ պատճառով Մոսկվայի հետ թշնամանալը: Այսինքն, պետք է Մոսկվայի հետ պատերազմի աստիճանի հասնելու փոխարեն` հարաբերությունները կարգավորել, Ռուսաստանից նորից ստանալ էժան էներգակիրներ, որը կլուծի գերմանական տնտեսության շատ խորքային հարցեր:

ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

Բայց, իհարկե, ամենաէականն այն տագնապն է, որը գերմանական այս ընտրություններն առաջ բերեցին ողջ Եվրոպայով մեկ: Բոլորն են հասկանում, որ եթե Գերմանիայում այս պատկերն է, ապա նույն, եթե ոչ աջերի օգտին ավելի բարձր արդյունքներ պետք է սպասել նաեւ համագերմանական, ինչպես նաեւ եվրոպական ընտրություններում: Այսինքն, ծայրահեղ աջերը կարող են կեսից ավելի բարձր ձայներով մտնել համաեվրոպական կառույցներ: Ու ամենամեծ խնդիրն այն է, որ սա ամենեւին էլ միայն Գերմանիային չի վերաբերում: Գալիք տարի Ֆրանսիայի նախագահական ընտրություններն են: Աջակողմյան ուժերն արդեն իսկ մեծամասնություն ունեն ֆրանսիական կառավարությունում, եւ հիմա շատ մեծ է դարձել հավանականությունը, որ Մարի լը Պենը կամ նրա մեկ այլ ներկայացուցիչ կարող է վերցնել նախագահական աթոռը: Բրիտանիայում նույն ակտիվությամբ ամրապնդվում է Նայջել Ֆարաջի գլխավորած ծայրահեղ աջ Reform UK–ը: Եվ այսպես շարունակ, ողջ Եվրոպայով մեկ նույն պատկերն է:

Այսինքն, ԵՄ ներկայումս գործող համակարգն իր Ուրսուլա ֆոն դեր Լայենով եւ մյուսներով հանդերձ, որոնք, այսպես ասենք, Փաշինյանի եվրոպական թիկունքն են, գերմանական այս ընտրություններից հետո մեկ օրում հայտնվեցին ծայրահեղ խոցելի վիճակում: Ընդ որում, նրանց համար վտանգն այն կարգի է, որ ստիպված են լինելու բոլոր եղած–չեղած ռեսուրսներն ուղղորդել ներկա վիճակից ելքերի որոնման: Իսկ դա էլ նշանակում է, որ եթե մինչ այս փորձում էին տարբեր տարածաշրջաններում, այդ թվում` Հայաստանում որոշակի խաղեր առաջ տանել, ապա հիմա ստիպված են ողջ ուշադրությունը տեղափոխել եվրոպական հարթակ:

Այսինքն, եթե Հայաստանի հետ կապված գոնե կային խոստումներ, թե Եվրոպան կգնի այն բոլոր ապրանքները, որոնք Ռուսաստանը մերժում է, ապա հիմա այս հարցում տարակուսանքները, որոնք մինչ այս էլ կային, հիմա բազմապատկվելու են: Եվ դա, իհարկե, Նիկոլի համար նշանակում է, այսպես ասած, «թիկունքային ապահովվածության» էական անկում հենց Պուտինի հետ հանդիպման շեմին:

ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ ԹՈՒՐՔ–ԱԶԵՐԻԱԿԱՆ ՏԱՆԴԵՄԻՑ

Մյուս կողմից, նվազում են նաեւ այն սպասելիքները, որոնք Փաշինյանը միգուցե ուներ թուրք–ազերիական տանդեմից: Այսպես, թեեւ իսկական շոու սարքեցին, թե Ադրբեջանը բենզինով եւ գազով կողողի Հայաստանը, եւ հանգիստ կարող ենք հրաժարվել ռուսական գազից, Թուրքիան էլ ուր որ է, կբացի սահմանները, սակայն այդպես էլ որեւէ էֆեկտիվ տեղաշարժ այս հարցում չկա: Ավելին, Ալիեւի հետ «խաղաղության պայմանագիր» ստորագրելու թեման այդպես էլ մնում է օդից կախված. Սահմանադրություն փոխելը Նիկոլի համար ինչպես նախկինում, այս պահին եւս մնում է ոչ իրատեսական: Ըստ այդմ, օրակարգային է նաեւ Թուրքիայի հայտնի նախապայմանը` չկա «խաղաղության պայմանագիր», չի բացվելու սահմանը: Առավել եւս, որ Նիկոլի համար դեռ անլուծելի է մնում նաեւ Մոսկվայից հայկական երկաթուղային համակարգի կոնցեսիոն պայմանագիրը խլելու հարցը:

Սակայն այս ուղղությամբ էլ ավելի լուրջ հարց է մնում այն, թե ներկա գլոբալ փոփոխությունների ֆոնին ի՞նչ աշխարհաքաղաքական վերջնական կողմնորոշում կձեւակերպեն Թուրքիան եւ Ադրբեջանը: Էրդողանը, հիշեցնենք, Բիշքեկի վերջին գագաթաժողովում մինչեւ երկինք բարձրացրեց ՇՀԿ–ն` այն գրեթե համարելով ՄԱԿ–ին փոխարինելու պատրաստ կառույց:

Ինչ վերաբերում է Ալիեւին, Բիշքեկում Պուտինի հետ կարճ շփումից հետո, նախօրեին նաեւ հեռախոսազրույց ունեցավ ՌԴ նախագահի հետ: Ըստ Կրեմլի. «Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանական Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւը քննարկել են առեւտրատնտեսական եւ հումանիտար համագործակցության մի շարք արդիական հարցեր»: Սակայն դժվար չէ կռահել, որ սա շփման ցուցադրական կողմն է: Իրողությունն այն է, որ Պուտինը տեւական ժամանակ պարզապես հրաժարվել էր Ալիեւի հետ ամեն մի շփումից` նրա առաջ դնելով մի շարք հստակ պայմաններ: Ու այսօր, թեեւ Բաքուն դեռ փորձում է որոշակի խաղեր խաղալ եվրոպական, ասենք նաեւ` ուկրաինական ուղղություններով, սակայն Պուտինի հետ կապի եւ առաջին դեմքերի մակարդակով շփումների վերականգնումը գալիս է հուշելու, որ Ալիեւն առնվազն սկսել է տատանվել նախկինի պես ընդգծված հակառուսական ուղղվածության հարցով:

Կարճ ասած, աշխարհում ընթանում են կայծակնային արագությամբ զարգացող գլոբալ փոփոխություններ, որոնց շրջանակներում բոլորն են փորձում գոնե ոտնատակում չմնալ: Ու հենց դա է, որ Փաշինյանը ստիպված է լինելու անել Մոսկվայում: Բայց ինչքանով կհաջողվի, առաջ չընկնենք:

www.iravunk.com


դեպի ետ