• am
  • ru
  • en
Версия для печати
08.04.2026

Ո՞Վ ԹՈՒՅԼ ՉՏՎԵՑ ՎԵՐՍՏԵՂԾԵԼ ՄԵԾ ԹՈՒՐԱՆԸ

   

Ազգային հերոս Գարեգին Նժդեհի ծննդյան 140-ամյակի առթիվ


Այս հոդվածում ես կփորձեմ բացահայտել մեր հերոսի ևս մի հազվագյուտ տաղանդ: Նժդեհը ոչ միայն իր կյանքը ազգի փրկությանը նվիրած անսահման հայրենասեր հայ էր, այլև զարմանալի փիլիսոփա, որն իր ժողովրդին հասկանում էր այնպես, ինչպես ոչ ոք: Ես խորապես ցնցվում եմ՝ ամեն անգամ վերընթերցելով նրա աշխատությունները: Մերկախոս չլինելու համար մեջբերումներ կներկայացնեմ «Բաց նամակներ հայ մտավորականությանը» գրքից, որը հրապարակվել է 1926 թվականին Բուլղարիայի Սոֆիա քաղաքում՝ «Արաքս» հայկական թերթում։

Ա

«Ցնցվեց մեր կյանքն իր էական բոլոր կողմերով։ Հսկայական փոփոխություններ առաջ եկան, ուշագրավ երևույթներ։ Եվ հանրածանոթ իրողություն է, որ այս դեպքերը զարգացան բոլորովին հակառակ՝ մեր տրամադրությանց՝ արտաքին իրողությունների թելադրությամբ։ Մենք անզոր եղանք ուղղություն տալ նրանց։ Այս նշանակում է, թե ներքուստ մենք պատրաստ չէինք դեպքերի իմաստը հասկանալու, զանոնք մեր քաղաքական ձգտումներին համընթաց դարձնելու։

Մենք ունեինք հոգեբանական սարսափելի թերի (թերություն), և բնական է, որ հետևանքը այլ բան չէր կարող լինել, քան այսօրվա անմխիթար կացությունը։

Սակայն կացությունը առանձնապես ողբերգական բնույթ է ստանում այն պատճառով, որ մինչ մի կողմից աղետներից ու փորձություններից հետո պատմության բերումով մեր ժողովուրդը հասունանում է, նրա մեջ անկախության գաղափարը ժողովրդականանալով դառնում է հոգեբանություն, մյուս կողմից նա տկարացել է, փոքրացել և Արևելքի պայմաններում մի ինքնուրույն պետություն ստեղծելու համար – թվական ուժի տեսակետից – դարձել է խնդրական։

Բնական է, որ հայոց պետության կորիզը պիտի կազմե Խորհրդային Հայաստանը՝ իր 28,000 քառ. կիլոմետր տարածությամբ և մոտ մի միլիոն բնակչությամբ։ Չլինեին մահմեդական Արևելքի յուրահատուկ պայմանները և իսլամ ժողովուրդի փոխհարաբերությունները դարերի արյունոտ իրողություններով հոգեբանություն դարձած անհանդուրժողությունը, թուրք-թաթար ժողովուրդների քաղաքական ձգտումները, գուցե անկարելի չլիներ Խորհրդային Հայաստանի աստիճանական զարգացումը և ավելորդ՝ մեր մտահոգությունը։

Սակայն մի ակնարկ քարտեզի վրա կբավի հասկանալու այն, թե ինչ է սպասում մեզ։

Այդ փոքրիկ Հայաստանի ռազմագիտական բոլոր կարևոր կետերը խլված են։ Նա պաշարված է մեր դարավոր թշնամու կողմից։ Այդ պաշարումը դրված է այնպիսի հաշիվներու վրա, որոնք մի ակնհայտնի իմաստ ունին՝ հարմար պարագային նվազագույն զոհողություններով և ամենակարճ ժամանակամիջոցում բնաջնջել հայությանը։

Հայաստանը խոցելի է մի շարք տարբեր կետերից. ընդամենը մի քանի ժամվա ընթացքում այդ կետերով Թուրքիան կարող է կտրել, իրարից բաժանել հայկական գավառակները և միանալ Ազրբեյջանին։

Թշնամին ունի մեզ բնաջնջելու վճիռ, մենք չունինք ինքնապաշտպանության ծրագիր և ինքնապաշտպանունակ զենք։

Սակայն տարիներն անցնում են, և ոչ մի փորձ այդ ուղղությամբ։

Մի չափազանց ուշագրավ և ցավալի պարագա է սա: Այդ նշանակում է, թե մեր ժողովուրդը ոչ միայն պատերազմի և խաղաղության մասին սխալ ըմբռնում ունի, այլև անուղղա (անուղղելի) է իր անփութության մեջ՝ դեպ սեփական գոյությունը, զուրկ խրատվելու և հրահանգվելու ընդունակությունից, անկարող ըմբռնելու մի տարրական ճշմարտություն, թե՝ խաղաղապաշտ և անարի (վախկոտ) ժողովուրդները պատերազմից անհամեմատորեն ավելի շատ են տուժում:

Բարոյա-նյութական առաջընթաց – ասել է՝ ներուժ ինքնապաշտպանություն։ Առաջընթացի հրամայականն է ինքնապաշտպանությունը։ Այլևս ոչ ոք է հավատում, մեր ժողովրդից զատ, թե կարելի է կանգնեցնել առաջընթացի հաղթական կառքը՝ գետինը փռված պարտվածների և թույլերի հառաչանքներով:

Այլևս ոչ ոքի համար է գաղտնիք, թե պետությունները բնական հակառակորդներ են, որոնցից ամեն մեկը ձգտում է տարածվել, ուժեղանալ, շահել իր հարևանների հաշվին։ Հարձակվում է, ով իրեն ուժեղ և պատրաստ է զգում հարձակվելու՝ լավագույն պաշտպանողականը համարելով նախահարձակողականը։

Հարձակվում է նա, ով որ իր դիմացը թուլություն է տեսնում։

Ամեն մի ժողովուրդ, երկաթե անհրաժեշտությունից մղված, նախապատրաստում է, անում այն, ինչ որ անում են բոլորը։

Թույլը սարսափում է՝ չլինի թե կուլ գնա ուժեղին, իսկ ուժեղը արթուն հսկում է, որ իր հակառակորդը չգերազանցե իրեն։

Եվ խաղաղապաշտ ու անարի ժողովուրդները տկարանում են և դառնում որսը նրանց, որոնց ուժը աճում է և ծավալվում անդիմադրելիորեն։

Հասկանանք և հետևյալը.

– Հանուն խաղաղության չեն կնքվում պայմանագրերը, այլ հանուն պետությանց օրվա կենսական շահերի։

Պետությունները հաշվի են առնում միջազգային իրավունքը և հարգում իրենց ստորագրած պայմանագրերը քանի դեռ շահում են գոյություն ունեցող դրությունից. սակայն հենց որ մի այլ դրություն, հենց որ մի ուրիշի թղթե բարեկամությունը իրենց ավելի շահավետ թվաց՝ նրանք թքում են պայմանագրերի վրա, լքում իրենց նախկին զինակիցներին և սպառնում աշխարհի խաղաղության։

Այս է իրերի առարկայական դրությունը, այս է իրական աշխարհը և ոչ այն, որի սխալ և խաբուսիկ պատկերացումով օրորվել և օրորվում է մեր զգացմունքային ազգը։

Պայմանագրերն ապրում են այնքան ժամանակ, որքան ապրում են նրանց ծնունդ տվող պայմանները»։

Բ

«Մեր աշխատասեր և նյութական ապագայի համար այնքան ձիրքերով օժտված ժողովուրդը, որ նյութական բարիքներ կուտակել և ամբարել գիտե տարվա բոլոր եղանակների համար, որ ծիծաղելի կհամարե, եթե մեկը ամռանը միայն արևի գեղեցկությամբ հիանա և չմտածե ձմռան մասին, զարմանալիորեն իդեալիստ է դեպի խաղաղությունը, աղոթում է նրա արևին և բնավ չի հավատում, թե պատերազմի ձմեռ կա:

Սակայն պատերազմը գալիս է հակառակ մեր ցանկության, որովհետև հակամարտության օրենքն է կառավարում աշխարհը:

Այս ճշմարտությունը չի ուզում հասկանալ մեր ժողովուրդը. դրա համար էլ խաղաղ տարիների քրտնաջան աշխատանքով կուտակած բարիքները պատերազմի օրերին տալիս է թշնամուն, իսկ ինքն իբրև մուրացկան ծանրանում է օտարների վրա։

Մենք կուզեինք, որ մեր ժողովուրդը ևս վերջապես ըմբռներ, թե խաղաղությունը ոչ թե հավերժական չէ, այլ ժամանակավոր զինադադար միայն։

Խաղաղությունը նույնիսկ նորմալ վիճակ չէ, խաղաղություն չկա մեր երկրագնդի վրա, չի կարող լինել և մարդկային պատմության մեջ։

Պատերազմը ժողովուրդների կյանքում անխուսափելի պահ է – դա չի մղվում սոսկ գիտակցված հաշիվների համար, դա մեկն է մարդկային բարեշրջման (էվոլյուցիա) ամենաբուռն արտահայտություններից։ Պատերազմը բնազդ է, այդ է պատճառը, որ մարդիկ պատերազմում են համարյա ակամայից, դեմ գալով գիտակցության պահանջներին, բարոյական օրենքներին, և հետևանքներին գիտակցաբար անդրադառնում են հաշվեհարդարից, հաղթությունից կամ պարտությունից հետո։

Խաղաղությունը օրվա մարդկության համար ոչ այլ ինչ է, քան հոգնածություն։

Պարտված է այն ժողովուրդը, որը շուտ է հոգնում։

Պատերազմի է ձգտում նա, ով կազդուրված է։

Պատերազմը կազդուրվածի, առողջի ցանկությունն է, ինչպես որ խաղաղությունը թույլի բաղձանքն է, հոգնածի՝ երազը։

Անշուշտ, խաղաղությունը հոգնած ժողովուրդների համար բարիք կլիներ, եթե պատերազմից հաղթական դուրս եկածները խաղաղությունը չարաշահել չիմանային։

Խաղաղության չարաշահումն ավելի՛ է աղետավոր պարտված ժողովուրդի համար, քան նույնիսկ պատերազմը։

Պատմության մեջ քիչ են կոտորածային ոչնչացումների դեպքերը, մինչ հսկայական ժողովուրդներ աննպաստ խաղաղության մեջ, առանց արյունոտ հարվածների, անհետացել են դանդաղորեն։

Դանդաղ ոչնչացումի մի խաղաղություն է մեզ համար, ինչ այսօր իշխում է Մերձավոր Արևելքում։

Թշնամին հսկում է ոչ միայն գերեզմանացած Թրքահայաստանի, այլև Խորհրդային Հայաստանի խաղաղության վրա։ Ամեն րոպե նա կարող է խանգարել այդ խաղաղությունը, և եթե մինչև այժմ չփորձեց խանգարել, դա նշանակում է, թե այդպես ավելի է նպաստավոր իր քաղաքական նպատակների համար։

Բացի այդ դժբախտ պարագան, կան հոգեբանական և այլ կարգի պատճառներ, որոնք մեզ ավելի հոռետես են դարձրել դեպի մեր ժողովուրդի ապագան։

Նախ չափազանց նեղ և աղքատ է ներկա Հայաստանը։

Ինքնախաբեություն է հուսալ, թե կովկասյան յուրահատուկ պայմաններում, օտար ազդեցության ներքո, շրջապատված թշնամի ժողովուրդներով, հայությունը կուլտուրա-տնտեսապես բարգավաճի, քաղաքական ուժ դառնա՝ պետություն ստեղծե։

Ներկա Հայաստանը կազմում է հազիվ 1/12-ը մեր պատմական հայրենիքի։ Դա հայրենիք չէ, այլ հայրենի անկյուն։

Այժմու (այժմյան) իր սահմաններում նա չի կարող տեղ տալ ի սփյուռս աշխարհի մեկ ցաք ու ցրիվ եղած հայրենազուրկ հայության՝ գաղութահայության, որի թափառիկ վիճակն աղետավոր է երկու տեսակետից. նախ որ նա ենթակա է ստույգ կորստյան, օրինակ՝ Թուրքիայում կոտորածի, այլ վայրերում՝ խաղաղ բնաջնջումի, ձուլումի։

Հայրենի անկյուն և թափառական ժողովուրդ։ Մի ճակատագիր, որ երկմտության և տատանումի է մատնել մեր ժողովուրդը, այսինքն՝ ազգային հոռետեսության։ Իսկ վայ այն ժողովուրդին, որ վարակված է այս հիվանդությամբ. այդպիսին կանգնած է գերեզմանի ափին։

Չսարսափի՜նք, բայց և առանց սին պատրանքների և ավելորդ նախապաշարումների ընդունենք այդ դառնադառն ճշմարտությունը – մեր ապագան վտանգված է»։

Գ

«Անիմաստ կլիներ այս ճշմարտությունն ընդունիլ, եթե դա մեզ միայն սարսափի պիտի մատնե և ոչ ցնցե։

Ցնցումները ժողովուրդների փրկության լծակներ են։ Անբարոյական է և կորած մի ժողովուրդ, եթե գոյությունն ապահովելու համար անընդունակ է խոր ցնցումների։

Հոգեկան ցնցումների ընդունակ ժողովուրդները միայն կարող են վերանորոգվել։ Աղետավոր չէ կորուստներ ունենալը, աղետավոր է զուր կորուստներ ունենալը, այսինքն՝ անցյալի դեպքերից խրատվել, փորձվել, սթափվել չիմանալը. պարզ՝ աղետավոր է վերագնահատումների անընդունակ լինելը:

Առանց վերագնահատումի՝ անիմաստ է որոնումը, իսկ առանց որոնումների՝ ոչ թե միայն ժողովուրդների միտքն է մեռնում, այլև հենց իրենք՝ ժողովուրդները:

Վերագնահատումի պիտի ենթարկենք ոչ միայն դեպքերի առարկայական բնույթը, այլ մանավանդ մեր հոգևոր կյանքի ենթակայական տարրերը:

Պիտի որոնենք, փնտրենք, գտնենք մեր դժբախտությանց իրական պատճառները, ճանաչենք մեր իսկական վերքերը, ախտորոշանքի պիտի ենթարկենք մեր ժողովուրդի հոգին, որից հետո միայն խոսք կարող է լինել բուժումի մասին։

Իսկապես, ինչո՞ւ պարտվեց և բարեկամներից լքվեց հայ ժողովուրդը։

Ո՞վ է մեղավոր, երկրի աշխարհագրական դի՞րքը, քրիստոնեական Եվրոպա՞ն, մահմեդական Ասիա՞ն, ճակատագի՞րը։

– Բոլորը, բացի մեզնից,– այսպես կտրամաբանե մեր անուղղա քաղքենիամտությունը։

Այս մտայնությո՜ւնը... գանգատվում, դժգոհում է նա, անիծում է ճակատագիրը և կրկնում անվերջ, թե ընկած ենք աշխարհի մեծ ճամփաների վրա, թե աշխարհագրական ճամփաները վատ են։

Այստեղ կա մի խղճուկ ճշմարտություն, բայց դրա հանդեպ ի՜նչ հոյակապ առավելություններ։ Չէ՞ որ մեր բարձրավանդակն անառիկ է, մեր լեռները՝ մի-մի անխոցելի պատնեշներ։ Անտեսել այս իրողությունը և ողբալ ճակատագիրը ոչ այլ ինչ է, քան թույլի, անարիի ինքնարդարացում։ Թույլի ինքնարդարացում – տկարի հոգեբանություն։ Այստեղ ոչ միայն նախապաշարում կա, այլև առաքինության թերի (թերություն)։

Անարդար կլիներ հավատալ հիվանդներին, երբ սրանք գանգատվում են աշխարհից։

Աշխարհը պատկերացում է, իսկ պատկերումի աղբյուրը հոգին է։

Հոգու հիվանդություն ունին ժողովուրդները, երբ դժգոհում են իրենց հայրենիքից։

Գուցե իրոք աշխարհի ամենեն անառիկ բարձրավանդակներից մեկի վրա բազմած ժողովուրդը անարժան է իր ճակատագրին, բայց ճակատագիրը՝ երբեք ապերախտ։

Լիներ հզոր՝ աշխարհի այդ հոյակապ կամուրջի վրա հրաշքներ կգործեր հայությունը։ Տկար էր, տկարացավ – դառավ անարժան իր բնաշխարհին։

Հիվա՜նդ, դժբախտ ժողովուրդ, որ մինչև այժմ երկու առաքինություն է ունեցել՝ իր դժբախտությունները վերագրել արտաքին պատճառների և փրկությունը հուսալ արտաքին ուժերից։

Այստեղ է պատճառը մեր տարօրինակ հավատի և խանդավառության, երբ օտարը խոստումներ է կատարում, և նույնքան տարօրինակ հիասթափության և հուսալքումի, երբ նա դրժում է խոստումները։

Աղետալի ինքնաժխտում, որ մեզ հոգեբանորեն այնքան անարժեք է դարձրել, որ անգամ մեր դժբախտությանց մեջ մեղքի որոշ բաժին էլ մեզ տալը զլանում ենք։ Մենք այնքան անարժեք ենք թվում մեզ, որ չենք կարծում, թե քաղաքական աշխարհում որևէ բանի պատճառ, անգամ դժբախտության, մենք կարող ենք լինել։ Ամեն ինչ լինում է, գուցե մեզ համար, բայց մեզնից դուրս, անկախ մեզնից։ Քաղաքական մի կույր պատեհապաշտություն, որ մթագնել է մեր բանականությունը անգամ մի կոպիտ, մի աղաղակող ճշմարտություն տեսնելու – այն է, թե մեր դժբախտությունների համար մեղավոր են ոչ թե բոլորը, բացի մեզնից, այլ նախ և առաջ մենք»։

Դ

«Տարօրինակ է – տրամաբանում է մեր քաղքենիամտությունը – մեր հավատքը դեպ Եվրոպան կույր զգացում էր, մեր ներողամտությունը դեպ թշնամին՝ քրիստոսային, բայց և այնպես մենք ջարդվեցինք ու լքվեցինք։

Ոչինչ կա տարօրինակ, ջարդվեցինք և լքվեցինք, որովհետև եվրոպացու հոգեբանությանը բոլորովին անծանոթ էինք։

Դեպի Եվրոպան մենք ունեինք մի քրիստոնեական զգացում և շնորհիվ մեր տարօրինակ խորհրդապաշտության – մեր ազգային հիվանդության մեր սեփական տրամադրությունները դրել էինք եվրոպացու հոգու մեջ և ամենախոր կերպով հավատացել, թե բոլոր քրիստոնյա ժողովուրդները նույն զգացումներն ունին մեր հանդեպ, թե բոլոր պատերազմները մղվում են հանուն մեր փրկության։

Այս ինքնախաբեությունը մղեց մեզ քաղաքական մուրացկանության, և քանի որ մենք նաև թույլ էինք՝ անձնատուր եղանք լալկանության։

Մուրացկանություն և լալկանություն – մի ամբողջ ժամանակի հոգեբանություն, քաղաքական մեր միակ զենքը։ Լալկանությունը, սակայն, ապացույց է հոգևոր տհասության կամ անարիության։ Մուրացկանությունը զզվելի է ընդհանրապես։ Մուրացկանին օգնում են ոչ միայն կարեկցանքից դրդված, այլև հաճախ զզվանքից։

Ավելի սարսափելի է քաղաքական մուրացկանությունը, քանի որ քաղաքականության մեջ կարեկցանք չկա, իսկ զզվանք՝ շատ քիչ։

Անորակելի է մուրացկանությունը քաղաքականության մեջ։

Աներես մուրացկանի եսականությունը բոլորովին բնական է համարում, որ մարդիկ, թեկուզ ամենեն ինկածները (ամենաստորները), գթան իրեն։

Էլ ավելի աներես է մուրացկանը և պահանջկոտ, եթե նա միաժամանակ և հաշմանդամ է։ Ահա մուրացկանի այս եսականությունը և հաշմանդամի պահանջկոտությունը դարձել են հոգեբանություն»։

* * *

Իսկապես դժվար է հավատալ, որ այս խոսքերը գրվել են ուղիղ հարյուր տարի առաջ։ Տպավորություն է ստեղծվում, թե Գարեգին Նժդեհը ամեն ինչ կանխատեսել և նախազգուշացրել է մեզ։ Դժբախտաբար, քչերն են կարդացել նրա աշխատությունները։

Ես համոզված եմ. եթե Գարեգին Նժդեհի տեսությունը դասավանդվեր դպրոցական ծրագրի բարձր դասարաններում, մեր ազգը ոգով շատ ավելի ուժեղ կլիներ, և մենք չէինք հայտնվի այն իրավիճակում, որում գտնվում ենք այսօր։

Հայաստանը պետք է կառավարեն Գարեգին Նժդեհի հետևորդները, այլ ոչ թե վախկոտներն ու ազգային շահերի դավաճանները։

Եզրափակելով՝ ուզում եմ ևս մեկ մեջբերում կատարել այս մեծ հայից.

«Որտեղ էլ որ և ինչպես էլ որ զոհվեմ, հավատա՛, ի՛մ թանկագին ժողովուրդ, որ արտաքին վտանգի ժամանակ իմ անհանգիստ հոգին օգնության կգա իմ հայրենի երկրին և անտեսանելիորեն կլինի նրա բանակի առաջնորդը» («Զինվորը քո որդին է», Նժդեհ, 1937, Սոֆիա):

Ալեքսանդր Մարկոսյան
iravunk.com


դեպի ետ