12.10.2026ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ԿԱՐՈՂ ԿՅԱՆՔ ՈՒՆԵՆԱԼ, ԿԱԹՎԱԾԱՀԱՐ Է ԼԻՆԵԼՈՒ Ե՛Վ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ, Ե՛Վ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻ ԶԳԱԼԻ ՄԱՍԸ
«Առաջիկայում մենք ունենալու ենք կատաստրոֆիկ վիճակ տնտեսության մեջ միայն էներգակիրների գների պատճառով։ Ցավոք սրտի, Հայաստանի տնտեսությունն այլևս չի կարող կյանք ունենալ։ Կաթվածահար է լինելու և՛ տնտեսությունը, և՛ բնակչության մի զգալի մասը»,- անդրադառնալով տնտեսությանը սպառնացող վտանգներին, նման դիտարկում է անում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, հավելելով, որ աղքատության բարձր մակարդակի պայմաններում դժվար է ակնկալել դրա կրճատում.
– Իսկ այն որ էներգակիրների գները Հայաստանի համար կաճեն՝ կասկած չունեմ։ Ռուսաստանի Դաշնությունը գազային դիվանագիտությունը փայլուն կերպով օգտագործում է ամբողջ աշխարհի հետ հարաբերություններում։ Ես չեմ կարծում որ Հայաստանի Հանրապետությունը կլինի բացառություն։ Ինչ անում ենք, այն էլ ստանում ենք:
Հիշեք Կենտրոնական բանկի վերջին հայտարարությունը՝ կառույցն անդրադարձել է տոկոսադրույքների բարձրացման անհրաժեշտությանը՝ գնաճը զսպելու և բացասական միտումները սահմանափակելու նպատակով, ինչպես նաև զգուշացրել գազի թանկացման դեպքում Հայաստանի տնտեսությանը սպառնացող վտանգների մասին։
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը սեպտեմբերի 15-ին հայտարարել էր, որ Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող գազի հնարավոր թանկացումը կարող է հանգեցնել գնաճի արագացման և տնտեսական ակտիվության թուլացման։ ԿԲ ղեկավարի գնահատմամբ՝ եթե Ռուսաստանը որոշի Հայաստանի համար գազի գինը բարձրացնել, այն «երկակի վատ էֆեկտ կունենա տնտեսության վրա»՝ մի կողմից արագացնելով գնաճը, մյուս կողմից՝ թուլացնելով տնտեսական ակտիվությունը և զբաղվածությունը։ Այդպիսի սցենարի դեպքում, նրա խոսքով, ԿԲ-ն ստիպված կլինի արձագանքել ավելի ուժգին և ոչ բնականոն միջոցներով։
Նույն օրը ԿԲ խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել էր 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 6.75%։ Կարգավորիչի ներկայացմամբ՝ որոշման նպատակն էր զսպել գնաճային ճնշումները և պահպանել գների կայունությունը։
Գազի սակագնի բարձրացումը Հայաստանում անխուսափելիորեն կհանգեցնի ոչ միայն կոմունալ ծախսերի, այլև արդյունաբերական և պարենային ապրանքների թանկացման, քանի որ բնական գազը էլեկտրաէներգիայի արտադրության և ջերմամատակարարման հիմնական բաղադրիչն է։ Սա ստեղծում է գնաճային պարույրի վտանգ, որը դժվարությամբ է ենթարկվում կառավարման՝ հատկապես գնողունակության անկման պայմաններում։ Կենտրոնական բանկը քաղաքականացված կառույց չէ և անկախ է կառավարությունից, այնպես որ պետք է լուրջ վերաբերվել կարգավորող կառույցի նախազգուշացումներին։
– Պարոն Մանասերյան, որոշ փորձագետներ իրավիճակի շտկման հույսները կապուն են Թուրքիայի հետ սահմանի բացման վրա։
– Աբսուրդային է որոշ փորձագետների գնահատականները, թե Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում Հայաստանի տնտեսությունը կաճի 6–7%-ով։ Ո՞ւմ է ծառայում Ռուսաստանի հետ թշնամանալու գաղափարը, երբ Եվրոպայում էլ տեղ չունես։ Ակնհայտ է, որ դա բխում է Թուրքիայից ու Ադրբեջանից։ Մենք նույնիսկ չենք էլ զգում, թե ինչպես ենք հայտնվել այդ երկրների գրկում։
– Պարոն Մանասերյան, հոկտեմբերի 9-ի դրությամբ հայաստանյան բենզալցակայաններում «Ռեգուլյար» տեսակի բենզինի 1 լ–ը վաճառվում է 600 դրամով, «Պրեմիումինը»՝ 620, դիզվառելիքինը՝ 710-ով։ Մինչդեռ 1 ամիս առաջ վառելիքի նշված տեսակների գները համապատասխանաբար 550, 580 ու 650 դրամ էին։ Սա ինչի՞ հետեւանք է։
– Դա պայմանավորված է նրանով, որ հայ տնտեսվարողը, վառելիք ներմուծողը ամեն բան անում է, որ կարողանա իրեն ապահովագրել ապագա հնարավոր ռիսկերից։ Այդ պատճառով գնի մեջ մտցնում է այդ մի փոքր ավելի տարբերություն, եթե, իհարկե, դա «մի փոքր» է։ Բայց տնտեսվարողները շատ բան կարող են անել, ինձ ավելի շատ հետաքրքրում են պետության կարգավորիչ և վերահսկիչ գործառույթները։
Վառելիքի համաշխարհային շուկայում հնարավոր խնդիրներից խուսափելու և այս առումով մեր երկրի անվտանգությունն ապահովելու համար կարեւոր է պետության ռեզերվների համալրումը` դա վաղուց արդեն պետք է արված լիներ։
Պետությունը գնում է ներկրողից դիզելային վառելիքի անհրաժեշտ ծավալով խմբաքանակ և առանց շահույթի և ակցիզային հարկի, էժան գներով տրամադրում գյուղացիական տնեսություններին։
Չեմ բացառում, որ գնաճը կանխելու և շուկան հավասարակշռելու համար պետությունն իր ձեռք բերած վառելիքը փոքր շահույթի մարժայով կարող է շուկա հանել` այդկերպ մրցակից դառնալով նույն անբարեխիղճ տնտեսվարողներին և զսպելով նրանց ախորժակը։ Ինչո՞ւ եք թողնում, որ դիզվառելիք ներմուծողը գերշահույթ ստանա, դուք էլ պետական գանձարանի սուղ միջոցներից սուբսիդավորեք նրա գերշահույթը։
դեպի ետ